Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները դեռ չեն հասել իրենց տրամաբանական ամփոփմանը, և ելքի մասին հնարավոր է միայն գուշակություններ անել։ Քաղաքական ուժերը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում չէին անդրադառնում այս հարցին։ Լռությունը խախտեց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ հորդորելով քաղաքական ուժերին բոյկոտել հոկտեմբերի 10-ի ավագանու անդրանիկ նիստը, այդպիսով «պարտադրելով» ավագանու նոր ընտրություններ։ Այս սցենարի դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 10-ին կամ 17-ին։ Սակայն իրադարձությունները կարող են զարգանալ այլ ուղղություններով ևս։

Ավագանու կազմը հստակ է, քաղաքապետի անունը՝ անորոշ։ Երևանի ավագանու ընտրություններից գրեթե 2 շաբաթ անց էլ քաղաքապետի թեկնածուների հայտարարությունները միայն գուշակությունների առիթ են դառնում։ Հոկտեմբերի 10-ին կա՛մ նոր ձևավորված ավագանին կլուծարվի, կա՛մ նոր քաղաքապետը կընտրվի։

«Հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու նոր գումարման ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ ավագանին պետք է ընտրի համայնքի ղեկավար։ Եթե նիստը չկայանա, կամ եթե համայնքի ղեկավար չընտրվի, ապա կառավարությունը ավագանին լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում է կայացնելու»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Հոկտեմբերի 10-ին իրադարձությունները կարող են զարգանալ մի քանի ուղղություններով։

Սցենար N1․ քվորումի բացակայության հիմքով չեղարկել նիստը։ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հորդորում է գնալ այս ճանապարհով․

«Մեր ֆրակցիան հայտարարում է, որ մենք գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների, իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջիկա նիստին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին։ Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվելու այդ նիստին, որ չապահովենք քվորում, որ նիստը տապալվի, քաղաքապետ չընտրվի, և գնանք նոր ավագանու ընտրություններին»։

«Մայր Հայաստան» դաշինքը ևս հայտարարություն է տարածել այն մասին, որ ներկա չի լինելու ավագանու նիստին։ Ավագանու նիստը տեղի կունենա, և ըստ այդմ քաղաքապետ կընտրվի, եթե նիստին ներկա լինի ավագանու 33 անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 մանդատ։ Եթե մյուս երեք ուժերից անգամ մեկ ներկայացուցիչ ներկա լինի նիստին, ապա այն կկայանա։ Այսպիսով՝ այժմ որոշում կայացնողը «Հանրային ձայն»-ն է։

Սցենար N2․ նիստը կայանում է, և որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու։ Այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ նրա օգտին քվեարկի ավագանու 40 տոկոսից ավելին։ Ավագանու նորընտիր ցանկը հաստատված է և այլևս ենթակա չէ փոփոխության․ այն ունի 65 անդամ։ Այսպիսով, եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի նրա՝ քաղաքապետ ընտրվելու համար։

Սցենար N3․ նիստը կկայանա, և որպես քաղաքապետ կառաջադրվի 1-ից ավելի թեկնածու․

«Եթե լինի երկու թեկնածու, ապա, ճիշտ է՝ մի քանի փուլերով, բայց այն թեկնածուն, որը առավելագույն քանակի ձայներ կհավաքի, ինքը կընտրվի քաղաքապետ, և պարտադիր չի, որ դա լինի ընդհանուր թվի կեսից ավելին։ Առաջին փուլում, օրինակ, պարտադիր է, բայց այնտեղ կարող է լինել երկրորդ փուլ, երկրորդ լրացուցիչ փուլ, որը ժողովրդի լեզվով անվանում են երրորդ փուլ, ըստ էության վաղ թե ուշ համայնքի ղեկավար կընտրվի այն անձը, որը կունենա ավելի շատ ձայն, քան մյուս թեկնածուն»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։

Մինչ նիստը բոյկոտելու մասին հայտարարությունը, Հայկ Մարությանը հավակնում էր առաջադրվել քաղաքապետի թեկնածու և ակնկալում էր «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության քաղաքական աջակցությունը։ Նիստը տապալելու որոշմանը Մարությանը եկավ այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հաստատեց ավագանու ցանկը, և պարզ դարձավ, որ եթե նույնիսկ երեք ուժերը քվեարկեն Հայկ Մարությանի օգտին, միևնույն է, նա չի ընտրվի քաղաքապետ։ Հարցն այն է, որ ընտրվելու համար անհրաժեշտ 33 ձայնն ընդդիմությունն այլևս չի կարող ապահովել, քանի որ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 2 անդամ հետախուզման մեջ են, չեն կարող մասնակցել նիստին և և չեն փոխանցել իրենց մանդատները դա անելու հնարավորություն ունեցող այլ անձանց։




Հիշեցնենք՝ մինչ այս փուլը Հայկ Մարությանն ու Վարդան Ղուկասյանը հեռակա բանակցությունների փուլում էին։ Վարդան Ղուկասյանը սկզբում համաձայնեց քվեարկել Մարությանի օգտին՝ վերահսկողության վարչության պետի հաստիքն իրենց տալու պայմանով։ Մերժումից հետո հնչեց երկրորդ պայմանը․

«Յուրաքանչյուր երրորդը, երրորդ թաղապետը, երրորդ գերեզմանատան վարիչը, երրորդ պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը, երրորդ դպրոցի տնօրենը, երրորդ մանակապարտեզի տնօրենը, երրորդ թանգարանի տնօրենը, էդ սաղ պիտի լինի իմը։ Այլ տարբերակ գոյություն չունի»։

Ինչպես էլ զարգանան իրադարձությունները և ով էլ ընտրվի քաղաքապետ՝ նախանձելի դիրքերում չի լինելու՝ ասում է Դանիել Իոաննիսյանը։ Ասում է՝ այս ավագանին առավելագույն դժվարությամբ է որոշումներ կայացնելու․

«Շատ դժվար է լինելու բոլոր տեսակի որոշումների կայացումը՝ բյուջե ընդունել, ծրագիր ընդունել, հազար ու մի որոշում, որ պետք է ավագանիում կայացնել, պետք է լինելու կայացնել առնվազն 3 քաղաքական ուժերի կոնսենսուսով, որովհետև ոչ մի քաղաքական ուժ չունեն մանդատների կեսից ավելին»։

Ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրներում, ասում է, սա տարածված պրակտիկա է, սակայն այլ հարց է, թե մեր քաղաքական դաշտը որքանով է պատրաստ նման իրավիճակի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն