«Դավաճանված, հայրենազրկված, տուն ու հարազատ կորցրած արցախցուն, իր կամքը արտահայտելու համար, ՔՊ-ական որոշ շերտեր սպառնում են զրկել ցանկացած տեսակի օգնությունից, եթե մասնակցեն ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին։

 Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 «Այն արցախցին, որը կմասնակցի ցույցերին, զրկել բոլոր տեսակի օգնություններից»։

 Փաստաբան Վարազդատ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով, որ Անի Վարդազարյանի ֆեյսբուքյան գրառումը քրեորեն պատժելի արարք է։ Նա հանցագործություն է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի, 2-րդ մասի, 3-րդ կետով։ Այն է` «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, եթե այն կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով»:

 Արցախահայերը ՀՀ քաղաքացիներ են և պետությունը պարտավոր է պաշտպանել նրանց իրավունքները, անվտանգությունը՝ բախտի քմահաճույքին թողնելու փոխարեն։

 Սակայն պետական մարմինների ՔՊ-ական որոշ շերտեր քրեորեն պատժելի վարքագիծ են դրսևորում՝ հանրությանը բաժանելով հայաստանցու և արցախցու, պառակտելով ու թշնամանք սերմանելով։

Այս օրերին այդ նույն անձինք ամեն կերպ պետք է սատար կանգնեին իրենց ղեկավարի (Փաշինյանի) տապալած բանակցային քաղաքականության արդյունքում հայրենիք կորցրած արցախցուն և այս օրերին նրանց գործառույթը պետք է լիներ ամեն գնով արցախահայերին ինտեգրել հասարակական-քաղաքական կյանքին։ Մինչդեռ արցախահայերի բռնի տեղահանության հետևանքների արագ վերացումը տապալած ՔՊ-ական վերնախավն իր լրատվամիջոցներով ու խոսափողներով հանդերձ մի բան է անում՝ ատելություն է քարոզում արցախցու նկատմամբ, սպառնում ու բացասական լույսի ներքո ներկայացնում տառապանքներ կրած արցախցուն։ Նմանատիպ էժանագին հարցերը իշխանավորները երբեք չեն տապալում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն