Զազրախոսելով ամեն ինչ կորցրած մարդկանց հասցեին ոչ ոքի ոչինչ չեք անում, քան ինքներդ ձեզ. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գուցե հիմա դրա ժամանակը չէ, բայց ուզում եմ անդրադառնալ այն որոշ բացասական տրամադրություններին, որոնք առկա են Արցախից եկած մեր հայրենակիցների նկատմամբ: Ինտելեկտի և բարոյականության ամենատարբեր աստիճան ունեցող մարդկանց կողմից հնչում են ամենատարբեր մտքեր...
Ընդ որում, սովորաբար այդ մարդիկ կա´մ իշխանության բացահայտ կողմնակիցներ են, կա´մ թաքնված այդպիսիք, կամ «քաղաքականությամբ չզբաղվող» անհատներ, որոնց հացի սեղաններին կամ այլ միջավայրերում առկա են իշխանության ամենատարբեր կալիբրի չինովնիկներ կա´մ էլ մոլորյալներ: Նրանց բոլորին մի բան է միավորում` յուրաքանչյուրն իր ճաշակին, խղճին, գիտելիքին ու այդ պահին առկա այլ հանգամանքին հարմար հիմնավորում է գտնում արդարացնելու սեփական անգործությունը կամ դաժանությունը, թե բա`
իրենց հողնա բա պետք է զոհվեին, իբր իրենք Սյունիքի կամ Տավուշի համար մի բան արել են կամ պատրաստ են զոհել իրենց հարազատին կամ իրենց,
հաջորդը` չկռվեցին, նախ իրենք կռվել են այնքան , որքան շանս ու հնարավորություն եղել է, շատերը նահատակվել են, շատերին հրադադարից հետո զենքը ձեռքին հանել են շրջափակումից,
և բացի այդ, այսինքն բոլոր տղամարդիկ ու հազարավոր կանայք ու երեխաներ պիտի զոհվեին, որ ձեր քիմքին հարիր պաշտպանություն լինե՞ր: Այս տրամաբանությամբ վաղը սյունեցուն կամ վարդենիսցուն էլ կասեք դե բա իրենց հողնա պիտի պահեին:
Եվ բացի այդ, երբվա՞նից բոլորդ դարձանք էլիտար և բնիկ երևանցի, իսկ Երևանն էլ էլիտար մեգապոլիս: Այդ մարդիկ «ձեր» Երևանը չեն ուզում, իրենց Արցախն են ուզում: Իսկ եթե Արցախը իրենցը չեք համարում, այլ թուրքինը, բայց դրա հետ մեկտեղ չգիտեք ու չեք կարդացել պատմություն, աշխարհագրություն, ապա գոնե մի վիճեք:
Հանուն ճշմարտության` փաստարկների գերակշիռ մասի իրական պատճառը արցախցի ռազմաքաղաքական տարբեր ժամանակների ղեկավարության հանդեպ գեներացված ատելությունն է: Ճիշտ թե սխալ հիմա էական էլ չէ: Ես, օրինակ, Արայիկ Հարությունյանին համարում եմ մեղավոր, բայց նրան հավատացած մարդուն չեմ ատում կամ պիտակավորում դրա համար: Արձանագրենք:
Ատելով Արցախի կամ Հայաստանի նախկին ղեկավարներից ինչ որ մեկին ու դրա արդյունքում զազրախոսելով ամեն ինչ կորցրած մարդկանց հասցեին ոչ ոքի ոչինչ չեք անում, քան ինքներդ ձեզ:
Դուք ընդամենը փնտրում եք արդարացում ձեր անմարդկային վարքագծի, մարդկային դիմագիծը կորցնելու, ոչինչ չանելու, աղետի ու ողբերգության մասշտաբները չգիտակցելու համար:
Ի դեպ ոչ մի բանով չտարբերվելով ծանր հանցանքներ կատարած հանցագործներից, որոնք ՄԻՇՏ մի ինչ որ պատճառ ունեն հիմնավորելու իրենց կատարած ոճրագործությունը: Վերջերս սեփական երեխային սեռական ոտնձգության ենթարկած գարշանքը ևս ինչ որ բան էր խոսում` բացատրելով ու հիմնավորելով:
Ասելքիս հետևյալն է` երբ ու եթե հերթը հասնի քաղաքական առումով անհեռատես ու գավառական մտածելակերպով էլիտաների մեղքերը թվարկելուն, ես թերևս ձեզանից յուրաքանչյուրից ավելի լավ կանեմ դա: Չխնայելով ոչ մեկիդ կուռքին: Չանելով կողմնապահություն:
Բայց սա դրա մասին չէ, այլ մարդու կողմից մարդուն սիրելու, երկու անչափահաս բալիկին հրետակոծության արդյունքում կորցրած մորը, որդուն ու եղբորը կորցրած կնոջը, որդու կամ թոռան գերեզմանը կորցրած տարեցին ու խեղված ճակատագրեր ունեցող հազարավոր մարդկանց ապրումակցելու, ժպտալու, ձեռք մեկնելու, թշնամուց տարբերվելու: Մի նույնացրեք մարդուն ու ձեզ համար ատելի ինչ որ մեկին: Մի արեք: Մարդ մնացեք:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գնացին: Տակը կմնաք դուք ու ձեր դեմքը: Եթե մնա»: