Պայթյուն՝ Թուրքիայի ՆԳՆ–ի շենքի մոտ. ՆԳ նախարարը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել
Անկարայում ՆԳՆ շենքի մոտ երկու ահաբեկիչ ահաբեկչություն է իրականացրել, հարձակվողներից մեկն իրեն պայթեցրել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան։
«Մոտավորապես ժամը 09:30-ին երկու ահաբեկիչ, որոնք կոմերցիոն մեքենայով ժամանել են ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության դարպասների մոտ, գործի են դրել պայթուցիկ սարքը: Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը վնասազերծվել է, փոխհրաձգության ժամանակ մեր ոստիկաններից երկուսը թեթեւ վնասվածքներ են ստացել»,- գրել է Էրլիքայան X սոցիալական ցանցում:
Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը, ահաբեկիչները մեքենայով մոտեցել են նախարարության շենքի մուտքին, նրանցից մեկը գործի է դրել պայթուցիկը։ Գերատեսչության անվտանգությունը կրակ է բացել հարձակվողների վրա։ Սկսվել է կարճատև կրակահերթ, որի արդյունքում վնասազերծվել է երկրորդ ահաբեկիչը։
Ներկա պահին ՆԳՆ շենքից առնվազն 500 մ շառավղով բոլոր ճանապարհները արգելափակված են։ Տարածքում աշխատում են ոստիկանության մասնագետները։ Անկարայի գլխավոր դատախազությունը պայթյունի փաստով հետաքննություն է սկսել։
Թուրքիայի խորհրդարանը, որը գտնվում է պայթյունի վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, այսօր վերսկսել է աշխատանքը։ Այնտեղ ժամեր անց ելույթ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։