Ազգային կոմիտեի որոշման ժամանակ Թևանյանը եղել է ոստիկանությունում․ ովքեր են որոշել չեղարկել հանրահավաքը
Այսօր Ազգային կոմիտեն հանրահավաք էր հրավիրել։ Ինչպես և սպասելի էր, հանրահավաքին քիչ քաղաքացիներ են մասնակցել: Մասնակցողներն էլ դժգոհ էին ու ակտիվորեն քննարկում էին օրեր առաջ չեղարկված հանրահավաքի թեման։ Մարդկանց համար անհասկանալի է, թե ինչու հավաքների ամենաթեժ պահին Ազգային կոմիտե կոչված կառույցը որոշեց դադարեցնել հանրահավաքները։
Օրվա ընթացքում լրատվամիջոցներից մեկը գրեց, որ 5 հոգանոց Ազգային կոմիտեի հանրահավաքը չեղարկելու որոշում է կայացրել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Այսինքն` Թևանյանն ասել է, թե չեղարկում ենք հանրահավաքները, իսկ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Հայաքվեն և Վազգեն Մանուկյանը ենթարկվել են։ Ակնհայտ է, որ սա՝ տապալումը Անդրանիկ Թևանյանի վրա բարդելու փորձ է, բայց հետաքրքիր է, որ նման լուրեր տարածողները մոռանում են, որ երբ Ազգային կոմիտեն նման որոշում էր կայացնում, Անդրանիկ Թևանյանը գտնվում էր ոստիկանությունում, քանի որ բերման էր ենթարկվել։ Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հանրահավաքը չեղարկելու որոշման կայացմանը մասնակցել են Ավետիք Չալաբյանը (Հայաքվե), Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ), Վազգեն Մանուկյանը և Հայկ Մամիջանյանը (ՀՀԿ), իսկ երբ իրենց որոշման մասին պատգամավորներից մեկի միջոցով տեղյակ են պահել Անդրանիկ Թևանյանին, նա դեմ է արտահայտվել և պնդել, որ հանրահավաքներ չանելը սխալ է։
Քաղաքական շրջանակներում հասկանալի է, թե ում ականջներն են թաքնված այս գործընթացի հետևում։ Պատճառներն էլ պարզ են՝ Երևանի ընտրություններում Անդրանիկ Թևանյանը շատերի համար անսպասելի արդյունք է արձանագրել, ընդ որում՝ մեծ հաշվով, ոչ մեծ ռեսուրսներով և ընդդիմադիրների պասիվ աջակցությամբ, ուստի՝ ստեղծված իրավիճակը քաղաքական խանդի պատճառ է դարձել։