Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը՝ ենթարկվելով էթնիկ զտման: ԱԳ Նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս ահազանգում էր ԼՂ-ում ահագնացող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այդուհանդերձ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը և հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը։

Անդրադառնալով խնդրի վերաբերյալ Կիպրոսի դիրքորոշմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի խորհրդարանի սկզբունքային մոտեցումն ու բանաձևերի ընդունումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը: 

Երկուստեք ընդգծվել է՝ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ քաղաքական հայտարարությունները բավարար չեն և անհրաժեշտ են հստակ քայլեր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով և բազմակողմ հարթակներում երկու երկրների և խորհրդարանների միջև փոխգործակցությանը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ընդգրկուն երկկողմ օրակարգն ու տարբեր ոլորտներում ընդլայնվող համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նաև շնորհավորել է կիպրացի խորհրդարանականներին՝ Կիպրոսի անկախության տոնի առթիվ՝ լավագույն մաղթանքները հղելով Կիպրոսի բարեկամ ժողովրդին և կառավարությանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն