Մեկնարկել են Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը, օրակարգում նաև Հռոմի ստատուտի վավերացման հարցն է:

Նիստը, սակայն, հարթ չընթացավ: Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ օրենսդիրները միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին: Իրավիճակը թեժացավ, երբ ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը նախ հայտարարեց՝ նիստը գումարվում է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանություն կազմակերպելու և ԼՂ-ն հայաթափելու ակտից հետո, ապա գործող իշխանություններին մեղադրեց տեղի ունեցածին իր մեղսակցությունը քողարկելու համար, ասաց՝ «ՀՀ իշխանությունները փորձում են մեղքը բարդել այլոց վրա»:

«Տրամաբանական կլիներ, որ այս օրակարգում պետք է առաջին կարևոր հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծության, գնահատման և մեր անելիքների մասին, այսպես կոչված, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը, բայց մենք տեսնում ենք, որ չկա այդպիսի բան: Գուցե սրա պատճառն այն է, որ քաղաքական մեծամասնությունը և գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունը այս ազգային ողբերգությանը կամ, որ ամենավատն է, փորձել մեղքը բարդել այլոց վրա: Սա ոչ միայն սխալ է, սա վտանգավոր ու կործանարար է, քանի որ գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք»,- ասաց պատգամավորը:

Մինասյանն անդրադարձավ նաև Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագծին՝ նշելով, թե խորհրդարանն իրավասու չէ Հռոմի ստատուտի վավերացնելու մասին հարցն առանց սահմանադրական փոփոխությունների քննարկման առարկա դարձնել:

Ի պատասխան մեղադրանքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Մինասյանին հիշեցրեց՝ չեն մոռացել, թե ինչպես էր ընդդիմությունը տոնում ԼՂ-ում իշխանազավթում իրականացնելը:

«Ո՞ւմ եք ազգակործան անվանում, ազգակործան, որ ասում եք, ձեր հայացքը ճիշտ ուղղությամբ տարեք։ Կարո՞ղ է գիտեք՝ չենք տեսել, չենք հիշում՝ ինչ էյֆորիայի մեջ էիք, ոնց էիք տոնում, ոնց էիք նշում, որ Արցախում իշխանազավթում եք իրականացրել: Չե՞նք հիշում՝ ըստ ձեզ, չե՞նք հիշում, որ ձեր գործընկերն ասում էր՝ այ էս իշխանափոխությամբ մենք ապացուցեցինք, որ ԼՂ-ն, ի դեմս Ռուսաստանի, ունի հզոր դաշնակից: Ո՞ւր էր, պարոն Մամիջանյան, այդ հզոր դաշնակիցը: Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլյացիա կա, ձեզ վրա է, պարոն Մինասյան, ձեր կուսակցության, ձեր խմբակի: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելով ման էիք գալիս, գոռգոռում էիք պատերի տակ, գնացիք աշխարհի ամենաուղիղ կապիտուլյացիան ստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք»,- հայտարարեց Ալեքսանյանը:

Պատգամավորի ելույթից հետո ընդդիմադիրները տեղից սկսեցին բղավել, մինչ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդարտության կոչ էր հնչեցնում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կոչ արեց ընդդիմադիրներին վերջ տալ գավառական սենտիմենտալիզմի տրամաբանությամբ ելույթներին, «քանի որ ժամանակը ցույց տվեց՝ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք»:

Արդեն օրակարգային հարցերի քննարկմանը ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն