Ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ դադար լինի, չի կարող մեզ համար երկարաժամկետ խաղաղություն ապահովել․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը շարունակելու է իր գործողություները հիմնականում երկու ուղղությամբ՝ կարևոր դիրքերի զբաղեցում և պարբերաբար ճնշումներ հասարակության և իշխանության վրա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանության առաջ քաշած մոտեցումները որևէ առնչություն չունեն մեր շուրջը ստեղծված սպառնալիքների հետ։ Սահմանային լռությունը չի նշանակում հանգուցալուծում։ Լարվածության ռիսկերը բավական բարձր են։ Այն ճնշումները, որոնք իրականացվում էին Հայաստանի վրա, ունեին հստակ պատճառներ, որոնք վերացված չեն։ Ադրբեջանը շարունակելու է հիմնականում երկու ուղղություններով իր գործողությունները՝ սահմանագծի տարբեր ուղղություններով իր համար կարևոր դիրքերի զբաղեցում և պարբերաբար ճնշումներ, որոնցով փորձում են ազդել հայ հասարակության և իշխանության վրա։ Ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ դադար լինի, չի կարող մեզ համար երկարաժամկետ խաղաղություն ապահովել»,- ասաց նա։