Հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Ներկայացնում ենք ստորև.

«ԱՐՑԱԽԸ մեր հազարամյա հայրենիքի անբաժան մասն է։ Արցախը Հայաստանի անվտանգության վահանն էր։ Կորցնում ենք ամենաթանկը։

Այսօր Հայաստանի օրվա իշխանական խմբակի հանցավոր անգործությամբ, թողտվությամբ և մեղսակցությամբ, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ թուրքն իրականացրեց ցեղասպանություն Արցախում։ Ականատեսը եղանք ծրագրված դաժանությունների, անդառնալի և ամենաթանկ՝ մարդկային կորուստներով, տեղահանության և էթնիկ զտումների, պատմական հայրենիքի կորստի։

Ահռելի են նաև նյութական կորուստները, որոնք դարեր շարունակ ստեղծվել էին արցախցու ստեղծագործ, քրտնաջան աշխատանքով։

Ընդհանուր նյութական կորուստները խիստ նախնական գնահատումներով անցնում են 50 միլիարդ ԱՄՆ դոլարից։ Բերեմ թվային որոշ փաստեր։

Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը 20 տարի շարունակ Արցախի Հանրապետության տնտեսությունը տարեկան գրանցել է երկնիշ աճ։

Այսպիսով, 2019 թվականի ՀՆԱ-ն կազմել է շուրջ 343 միլիարդ դրամ, ներկա փոխարժեքով՝ 900 միլիոն ԱՄՆ դոլար, պետական բյուջեն՝ շուրջ 145 միլիարդ դրամ՝ 380 միլիոն ԱՄՆ դոլար։

Արցախում գործել են մոտ 300 հանքավայրեր, 36 հիդրոէլեկտրակայաններ։

Տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսվարողների թիվը կազմել է շուրջ 16000, որտեղ զբաղված են եղել շուրջ 60000 մարդ, շուրջ 45000-ը՝ որպես վարձու աշխատողներ։

2019 թվականին Արցախ այցելել են ավելի, քան 42000 միջազգային զբոսաշրջիկներ, գործել են 92 հյուրանոցներ։

Գյուղատնտեսական նշանակության մշակվող տարածքները կազմել են 580000 հեկտար։ Մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքը կազմում էր 80000 հեկտար, տարեկան ստացվում էր շուրջ 140000 տոննա բերք։ Արցախը հացահատիկային մշակաբույսերի մասով ինքնաբավ էր և բերքի մոտ 25 տոկոսն էլ արտահանում էր Հայաստան:

Տեխնիկական մշակաբույսերը զբաղեցնում էին 5300 հեկտար, ստացվում էր տարեկան շուրջ 8000 տոննա բերք, պտղատու այգիները՝ 4400 հեկտար, տարեկան բերքը՝ 8600 տոննա։ Խոշոր եղջրավոր անասունների թիվը կազմում էր շուրջ 50000 գլուխ։

Առկա էր շուրջ 5300 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում տրակտորներ՝ շուրջ 1250, բեռնատարներ՝ շուրջ 1500։

Սոցիալ-ժողովրդագրականի մասին․ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 149000 մարդ, որից ավելի, քան 30000-ը՝ երեխաներ։

Արցախում գործել են 51 նախադպրոցական հիմնարկներ, որտեղ հաճախել են շուրջ 4000 երեխաներ, 2606 հանրակրթական դպրոցներ՝ շուրջ 24000 աշակերտներով, 20 երաշտական և արվեստի դպրոցներ՝ 7000 սաներով, 10 գրադարան՝ 400000 միավոր գրքային ֆոնդով, մշակութային և արվեստի տասնյակ օբյեկտներ։

Այս կործանարար ընթացքը պիտի կասեցվի՝ մեղավորների խմբակի հեռացմամբ։ Մենք պետք է շտկենք մեր մեջքը և ապրենք արժանապատիվ՝ մեր ՀԵՐՈՍ նահատակներին արժանի։

ՀԱՅԸ հայրենիք ունենալու է ...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն