Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին Եվրոպայի առաջնորդներին կոչ է արել արթնանալ, քանի դեռ Հայաստանը հարձակման չի ենթարկվել:

Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ լսումների ժամանակ՝ Ֆրանսուա-Քսավիե Բելամին ասել է.

«Եվրահանձնաժողովը վերջապես հասկանու՞մ է, թե ինչի մասին էր խոսքը Լեռնային Ղարաբաղում: Արդյո՞ք մեր երկրների ղեկավարները գիտակցում են, որ անգործությունը, դատարկ խոսքերը, «կոչ ենք անում երկու կողմերին»-ը, միշտ աչք փակելու համար նոր պատրվակները, այս ամենը թույլ է տվել բռնապետին տապալել միջազգային իրավունքը մեր դռների առաջ, պարտադրել մեզ կատարված փաստը և կործանել կյանքեր:

Ի՞նչ եք ասելու Ադրբեջանի կողմից գնդակահարված 10 և 8 տարեկան Նվերի և Միքայելի ծնողներին. այս «հակաահաբեկչական գործողության» ընթացքում մի քանի օրում զոհված հարյուրավոր հայերի ընտանիքներին: Գիտե՞ք արդյոք, որ հայ ժողովուրդը երկու հազար տարի ապրել է Արցախում։ Թույլ ել տալու, որ ամենուր Ստալինի թելադրած սահմաննե՞րը վերահաստատվեն։

Ինչո՞ւ, ինչո՞ւ այսօր՝ ամիսներ տեւած անմարդկային շրջափակումից հետո, դեռ չի կիրառվել որեւէ պատժամիջոց։ Ալիևի կողմից իրականացվող այս էթնիկ զտումների ժամանակ Բաքվից գազ գնելն ավելի փոքր մեղք է, քան Մոսկվայի՞ց գնելը։ Եվ արդյո՞ք դա նույն գազը չէ։

Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Բաքվի առաջին քայլը Ստեփանակերտի գլխավոր փողոցը 1915 թվականին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Էնվեր փաշայի անունով անվանակոչել է։

Արդյո՞ք սա դեռևս Եվրոպայի «վստահելի գործընկերն է»: Արդյո՞ք այս Եվրոպան դեռ հիշում է, որ ծնվել է հենց նրա համար, որ ցեղասպանությունն այլևս չկրկնվի։ Այս հարցերը պահանջում են պատասխաններ: Արդյո՞ք Հանձնաժողովը, Խորհուրդը, պետությունների և կառավարությունների ղեկավարները, Եվրոպան ժամանակին կարթնանա՞ն, քանի դեռ Հայաստանի վրա հարձակում չի եղել»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն