Դրամի 10-15% արժեզրկում` մի քանի օրում․ ի՞նչ է կատարվում փոխարժեքի շուկայում
Վերջին օրերին հայկական դրամը սկսել է արժեզրկվել։ Փոխանակման կետերում դոլարի ու եվրոյի պահանջարկն ավելանում է։ Հայաստանի կենտրոնական բանկը որդեգրել է լողացող փոխարժեքի քաղաքականություն, բայց այսօր հայատարեց, որ ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացվեն։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։ Իսկ փորձագիտական դաշտում այս պահին ֆինանսական կայունության հետ կապված ռիսկեր չեն տեսնում։
Սպասելիքներ ու սպեկուլյացիա, փորձագիտական դաշտում հիմնական այս գործոններով են պայմանավորում փոխարժեքի շուկայում վերջին շրջանում ստեղծված խուճապային տրամադրությունները։ Վերջին օրերին դրամն արժեզրկվեց 10–15 տոկոսով՝ արձանագրում է տնտեսագետ, tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը։ «Ռադիոլուրի» զրուցակիցը հիշեցնում է՝ դրամն արժեզրկվեց նաև 2020թ 44-օրյա պատերազմից հետո, երբ մեկ դոլարը 480 դրամից հասավ 560 դրամի։ Իհարկե մի քանի ամիս անց փոխարժեքի կուրսը կրկին նվազեց․
«Արցախից ինչ որ քանակի միջոցներ էին եկել։ Մարդկանց մի մասը հիասթափվել էր դրամից, դրամը ինքնըստինքյան արժեզրկվում էր, բայց մնացածը սպեկուլյացիա է՝ հատկապես փոխանակման կետերից»։
Ակնկալիք կար, որ փոխարժեքը բարձրանալու է, ուստի այն պահվում էր ոչ թե փոխանակման, ապրանքի ձեռք բերման համար՝ բացատրում է մասնագետը։ Փոխանակման կետերում հույս կար, որ փոխարժեքը կբարձրանա․
«Այս պահին փոխանակման կետերը բավականին մեծ քանակությամբ արտարժույթ ունեն, որի հետ չգիտեն ինչ անեն, քանի որ միջազգային շուկայում նախորդ օրվա համեմատ դոլարի փոխարժեքը իջել է։ Եթե երեկ բարձրանում էր միջազգային շուկայում, ապա այս պահին իջել է։ Այս վերջին օրերին ինչ տեսնում ե նք, ուներ սպեկուլյատիվ բնույթ։ Այս պահին ամենահարմարը դրամ պահելն է»։
380 դրամ մեկ դոլարի դիմաց․երբ սկսվեց խուճապը, կուրսն այսպիսին էր։ Առաջին 20 դրամ բարձրացումը պայմանավորված էր դրամի հանդեպ անվստահությամբ, շուկայում դրամի ավելացմամբ, բայց երբ այն հատեց 400 դրամի շեմն արդեն սպեկուլայտիվ էր՝ ասում է փորձագետը։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը ընդգծում է՝ փոխարեժքի փոփոխության ավելացմանը նպաստեց այն, որ հանրությունը ապագա տնտեսական իրողությունների վերաբերյալ բացասական սպասումներ ունի։ Ուստի նման իրավիճակում, այսպես ասենք, ապահովագրման համար ընտրվեց ավանդական եղանակը՝ արտարժույթի կուտակումը կամ դրամի փոխարկումը դոլարի․
«Որը որոշ պահից սկսած սկսում է ձնագնդիի էֆեկտով մեծանալ, ընդլայնվել։ Այսինքն փոխարեժքի նման տեմպերով փոփոխման համար հիմնական տնտեսական պայմաններ չկան։ Բայց կան պայմաններ, որոնք կարող էին նպաստել դոլարի, եվրոյի նկատմամբ որոշակի արժեզրկմանը։ Օրինակ՝ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, որը միտված էր էժանացնելու դրամը, խթանել տնտեսական ակտիվությունը՝ հաշվի առնելով գնաճային նպաստավոր ֆոնը։ Դա այո, բերում է դրամի էժանացման, ինչը կարող էր արտահայտվել արտարժույթի նկատմամբ փոխարեժքի ավելացմամբ»։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ գործոն է նաև ՌԴ-ում ռուբլու արժեզրկումը։ Հիշեցնում է՝ ՀՀ-ում դեռ ժամանակավորապես բնակվող ռուսներ կան, որոնք չի բացառվում, որ Հայաստանում արտարժույթի ձեռքբերման հավելյալ պահանջարկ ներկայացնեն․
«Իմ գնահատմամբ այս պահին ֆինանսական կայունության լուրջ սպառնալիքներ չկան։ Այն ինչ տեղի է ունենում, աժիոտաժային բնույթ ունի»։
ՀՀ կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ՝ հայտարարում է գլխավոր դրամատունը։ Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։
«Ամբերդ» կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը հիշեցնում է՝ ՀՀ-ում երկար ժամանակ դոլարը կայուն էր․ երկար ժամանակ՝ մինչև 2014թ մեկ դոլարը գնվում էր 400 դրամով, հետո՝ 2015–2021թթ՝ 480 դրամ էր։ Այժմ էլ գլխավոր դրամատունը որոշակի միջոցառումների միջոցով կփորձի անել այնպես, որ փոխարժեքը վերադառանա մեկ դոլարը 400 դրամի շրջանակներում։ Որոշակի միջոցառումը ինտերվենցիա է ենթադրում։ Այս պահին, տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով, պահանջարկն ավելի շատ է, քան առաջարկը, ուստի կենտրոնական բանկը կկիրառի իր գործիքակազմը՝ որոշակի արտարժույթ բաց թողնելով շուկա՝ սառեցնելով իրավիճակը։ Իսկ ԿԲ-ում տնտեսագետի խոսքով՝ռեսուրսներ կան։