Ստեղծվելու է համակարգ, որով պատգամավորները, պաշտոնյաները, որոնք կայցելեն Ազգային ժողով, կմոտենան հատուկ հատկացված տեղ, հանդես կգան ճեպազրույցներով և առանձին հարցազրույցներով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը։ «Նոր համակարգն ապահովելու է լրագրողների համար հնարավորություն, որ լրագրողները ստիպված չլինեն քայլել պատգամավորի ետևից, որն իրենց հարցերին չի պատասխանում կամ սպասել սենյակի առջևում, որ իրենք դուրս գան։ Պաշտոնյաներ կան, որոնք գալիս են այստեղ և լրագրողների հետ չեն շփվում։ Լրագրողների աշխատանքը համակարգված լինի։ Մեր խմբակցությունը պարտավորվում է ապահովել նման հնարավորություն լրագրողների համար։ Իսկ պատգամավորը, որը ցանկություն կունենա ձեզ հարցազրույց տալու, որի հետ դուք կարող եք կապվել, ձեզ կհրավիրի կամ կգա ձեր ասած վայրը հարցազրույց տալու»,- ասաց նա։ Սիմոնյանի խոսքով՝ որևէ երկրում իրավիճակ, երբ լրագրողը վազում է պատգամավորի ետևից անհնար է տեսնել։ «Բոլոր գործողությունները պետք է լինեն համակարգված։ Բացի այդ շենքում չի կարող քայլել որևիցէ մեկն առանց երևացող տեղում բեյջի։ Պատգամավորը քայլում է և իրեն ընդառաջ գալիս մեկը, որն անհայտ անձնավորություն է»,- ընդգծեց Ալեն Սիմոյանը։ Դիտարկմանը, թե փոփոխությունն ինչու չէր արվել նախորդ գումարումից առաջ, Սիմոնյանն պատասխանեց, որ Ազգային ժողովի շենքը տարբեր տեսակի փոփոխություններ է ունենալու։ «Առաջ ենք գնում։ Բայց ձեզնից որևէիցե մեկը չի հնչեցնում միտք՝ պարոն Սիմոնյան, կարո՞ղ է դա կապված է Ազգային ժողովի նախագահի հետ, որի նկատմամբ մահափորձ եղավ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը, որը թեև դեռ չի ընտրվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, խոստացավ ամիսը 1-2 անգամ ճեպազրույց ունենալ լրագրողների հետ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն