Ինչու է Սերգեյ Բագրատյանը հայտնվել իշխող թիմի ցուցակում. Պատգամավորի մեկնաբանությունը
Պետականության կարեւոր ատրիբուտները, հիմնասյուները դա ժողովրդի իշխանությունն է եւ ժողովրդի օրինական իշխանությամբ ընտրված կառավարման համակարգը: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «ՔՊ»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Սերգեյ Բագրատյանը:
Հարցին, թե ինչու է հայտնվել իշխող կուսակցության ընտրական ցուցակուն, նա պատասխանեց. «Եթե ժողովուրդն իր կամարտահայտությամբ ընտրել է իշխանություն, ապա այդ պետությունն ապագա ունի եւ երբեւէ արտաքին մարտահրավերները չեն կարող ճնշել տվյալ ժողովրդի կամքը: Սարդարապատի իմաստը հենց դա է եղել, որ այլեւս լցվել է համբերության բաժակը: Աստված մի արասցե, եթե այս 21-րդ դարում հայ ժողովուրդը հասնի այն կետին, որ այլեւս հայ ժողովրդի համբերության բաժակը լցվի, իհարկե, կլինի Սարդարապատ:
Ինձ համար կարեւոր է պետականությունը եւ պետականության նկատմամբ վտանգը: Կարծում եմ՝ բոլոր պետականամետ գործիչների մղումը համախմբման ընթացք եւ այլեւս երկրորդական է որեւէ քաղաքական ուժի գոյությունը, երբ վտանգված է պետականությունը»:
Դիտարկմանը, որ կա կարծիք, որ հենց իշխանությունն է վտանգում պետականությունը, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Քանի դեռ այս իշխանությունը համարվում է լեգիտիմ ընտրված իշխանություն, մենք չենք կարող հակառակը պնդել: Եթե ընտրություններում ժողովուրդն այլեւս չի վստահի այս իշխանություններին, եւ դրա մեջ կնկատեն նաեւ ձեր նշած տարրերը, ապա համապատասխան իրավական գործընթացով պետք է ապացուցել, որ կա նման խնդիր»:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կարո՞ղ են պետականությունը պահել, Բագրատյանն արձագանքեց. «Պետականությունը պահելը բոլորիս սրբազան գործն է եւ իրենց հզորացնելու գաղափարի մեջ է հենց փնտրված իմ ներկայությունը: Այսինքն ցանկացած կարող ուժ այս պահին պետք է լինի պետության կողքին, որ մենք մեր պետականության երերման ընթացքը ընդհատենք: Հաջորդ պահին, հունիսի 20-ին կլինի ընտրություն, յուրաքանչյուրն իր ծրագրով կներկայանա ժողովրդին, ժողովուրդը ում կվստահի, նա կշարունակի, իսկ ովքեր թերացել են այս պետականության ընթացքում հանուն պետականության պայքարի, նրանք էլ պատասխան կտան:
Ես իմ ընտրողներին հարցադրումներ եմ անելու, թե ինչ են ուզում ընտրել, մեր պետության տեսլականի որ տարբերակն են նախընտրում: Նախընտրում են ազատ մրցակցությունը, թե մոնոպոլիաները, նախընտրում են ազատ կամարտահայտման իրավունքը, թե ստիպողաբար ընտրությունների գնալը, նախընտրում են արդար, ազատ դատական համակարգ, թե խմբային շահերի սպասարկումը:Այս հարցերի պատասխանը քաղաքացին ինչպես կնախընտրի, այդպես պետք է ընտրություն կատարի»: