Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը ոչ մի ազդեցություն չի ունենա Եվրամիության կողմից Ուկրաինային տրվող օգնության վրա, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերը։

«Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության վրա, դրանում կասկած չկա»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Իսրայելում իրավիճակը ինչ ազդեցություն կարող է ունենալ Ուկրաինային եվրոպական զենքի մատակարարումների և ֆինանսական օգնության վրա։

Իր հերթին ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավարի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն ասել է, որ Իսրայելի հարցով ԵՄ արտգործնախարարների արտահերթ հանդիպմանը, որը կկայանա երեքշաբթի Օմանում, կարող է շոշափվել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Քանի որ այդ հարցը միշտ քննարկվում է ԵՄ նախարարների հանդիպումներում։ Իսկ Ուկրաինային տրամադրվող օգնությունը չի վերակողմնորոշվի այլ կարիքների համար»,- ասել է Ստանոն:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն արդեն օգնություն է տրամադրել Ուկրաինային, այդ թվում՝ ռազմական օգնություն՝ 85 մլրդ եվրոյի չափով։

Հոկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի հովանու ներքո Ուկրաինային զենքի մատակարարման կոնտակտային խմբի նոր հանդիպումը, որին կմասնակցեն ԵՄ գրեթե բոլոր երկրները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն