«Փաստ» օրաթերթը գրում է. Նոր աշխարհակարգի ձևավորումը զուգահեռվում է միջազգային հարաբերությունների անկայունությամբ և անսպասելի զարգացումներով, երբ սառեցված հակամարտությունները վերաճում են ռազմական բախումների, ու թեժ կետերի թիվն ավելանում է։ Իսկ այս ամենը հղի է նաև տարածաշրջանային պատերազմի վերաճելու վտանգով։ Տևական դադարից հետո իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նորից բորբոքվեց։ Այս անգամ «Համաս» խմբավորման անդամները, գրոհելով Իսրայելի ռազմակայաններն ու Գազայի սահմանին գտնվող անցակետերը, շարժվեցին դեպի իսրայելական տարածքի խորքերը։ Նման երևույթ վերջին անգամ տեղի էր ունեցել նախորդ դարի 70ական թվականներին։ Միաժամանակ, Գազայի հատվածից անակնկալ ռմբակոծության ենթարկվեցին իսրայելական բնակավայրերը։ Իսկ Իսրայելը խոստացավ կոշտ պատասխան տալ՝ հայտարարելով, որ իրենց դեմ պատերազմ է սկսվել։

Ապա իսրայելական զինված ուժերը սկսեցին հարվածներ հասցնել «Համասի» կենտրոնակայաններին, որտեղից կառավարվում էր Իսրայելի դեմ հարձակումը։ Պարզ է, որ «Համասն» ի վիճակի չէ միայնակ դիմագրավել իսրայելական բանակի հարձակմանը։ Բայց այս հակամարտությունը միայն Իսրայելի ու Պաղեստինի շրջանակներով չի սահմանափակվում։ Դրանում ներգրավված են նաև միջազգային այլ ուժեր։ Իսրայելի գլխավոր տարածաշրջանային հակառակորդը՝ Իրանը, համարվում է «Համասի» ամենամեծ աջակիցը։ Արաբական ու իսլամական այն երկրները, որոնք մինչև այժմ չեն կարգավորել իրենց հարաբերությունները Իսրայելի հետ, նույնպես Պաղեստինին աջակցելու դիրքերից են հանդես գալիս։ Իսկ Իսրայելի գլխավոր աջակիցը ԱՄՆ-ն է, որը լարված հարաբերություններ ունի Իրանի հետ և կոշտ պատժամիջոցներ է սահմանել այս երկրի նկատմամբ։ Բացի այդ, կան նաև հակաիսրայելական կազմակերպություններ, որոնք Իրանի աջակցությունն են վայելում։

Օրինակ՝ այդ կազմակերպություններից ամենաակտիվը «Հզբոլահն» է, որը իրավիճակի լարմանը զուգահեռ սկսեց Լիբանանի տարածքից հրթիռակոծել իսրայելական բնակավայրերը, իսկ դրան ի պատասխան՝ Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել Լիբանանի այն մասերին, որտեղից իրականացվել էր հրթիռակոծությունը։ Այնպես որ, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը առավել թեժանալու դեպքում կարող է տարածաշրջանային ավելի լայն բախում հրահրել, և մեծ է հավանականությունը, որ այն կներառի բազմաթիվ դերակատարների։ Ու բացառված չէ, որ դրա ֆոնին անկայունության նոր ալիք կարող է գծագրվել հենց Հարավային Կովկասում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, և ադրբեջանական կողմն այս տարի նույնիսկ դեսպանատուն բացեց Թել Ավիվում։ Իսրայելը նորագույն սպառազինություններ է մատակարարում Ադրբեջանին, Բաքուն էլ իր հերթին էներգակիրներ, մասնավորապես նավթ է մատակարարում Իսրայելին։

Ադրբեջանն Իսրայելից ձեռք բերված սպառազինությունը լայնորեն օգտագործում է Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ։ Ու չնայած իսրայելցի բազմաթիվ մտավորականներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ադրբեջանին զինելու հետ կապված, քանի որ դրա արդյունքում Բաքվի բռնատիրական վարչակարգի կողմից թիրախավորվում է խաղաղ հայ բնակչությունը, սակայն այդ ամենը ոչ մի հետևանք չի ունենում։ Խնդիրն այն է, որ իսրայելական իշխանությունները հեռուն գնացող պլաններ ունեն։ Թել Ավիվը հակված է բավարարել հանցագործ, ահաբեկչական պետական կազմավորման՝ Ադրբեջանի պահանջները, քանի որ Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցությունն ուղղված է հրեական պետության գլխավոր հակառակորդի՝ Իրանի դեմ։ Իսրայելի ու նրա դաշնակիցների՝ մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանը դիտարկվում է համապատասխան պլացդարմ, որտեղից կարելի է հարվածներ հասցնել Իրանին։

Այսպիսի իրավիճակը բխում է նախ Ադրբեջանի շահերից, քանի որ այդ երկիրը Իրանական Ադրբեջանն իրեն միացնելու հավակնություններ է դրսևորում։ Թուրքիային նույնպես ձեռնտու է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, կամ Իրանը ներքաշվի ռազմական բախման մեջ։ Ընդ որում, եթե Անկարան իսրայելա-պաղեստինյան հակամարտության համատեքստում հանդես է գալիս որպես Պաղեստինի կողմնակից, ապա Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում կարող է իր համերաշխությունը հայտնել Իսրայելին։ Ու պատահական չէ, որ Արցախից զավթված տարածքներում Ադրբեջանը Թուրքիայի քավորությամբ երեք օդանավակայան է կառուցում, որոնց բացումը կատարում է անձամբ Էրդողանը։ Պարզ է, որ պատերազմի արդյունքում թուլացած (գոնե ադրբեջանաթուրքական տանդեմն այդպիսի վստահություն ունի) Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար երեք նոր օդանավակայան կառուցելու կարիք չկա, դրանք նախատեսված են լինելու Իրանին հարվածներ հասցնելու համար։

Խոսքը նաև այն մասին է, որ Արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից բերված վարձկան ահաբեկիչները ոչ միայն չեն հեռացել, այլև հատուկ որջեր են ձևավորել։ Իսկ Իրանին թուլացնելու համար պետք է լուծել պանթուրքական ծրագրերի իրականացման համար խնդիրներ ստեղծող Հայաստանի հարցերը և Սյունիքով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի արդյունքում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կստեղծվի միասնական գոտի, Իրանի հյուսիսային ճանապարհը Հայաստանի հետ կկտրվի։ Այդ է պատճառը, որ Իրանը կտրուկ դեմ է արտահայտվում տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությանը և նույնիսկ սպառնում, որ անհրաժեշտության դեպքում կմիջամտի։ Թեհրանին պարզ է, որ Իրան-Հայաստան ցամաքային կապը վերացնելուց հետո քայլեր են ձեռնարկվելու այդ պետությունը քայքայելու ուղղությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն