ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքների վերսկսման օգտին
Հոկտեմբերի 10-ին իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Նախարարները մտքեր են փոխանակել մերձավորարևելյան օրակարգային թեմաների շուրջ` կենտրոնանալով պաղեստինաիսրայելյան հակամարտության հերթական սրման վրա: Ընդգծվել է զինված դիմակայության շուտափույթ դադարեցման և հայտնի միջազգային-իրավական հիմքով իրավիճակի կարգավորման կարևորությունը:
Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում: Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի օպերատիվ վերականգնման օգտին:
Անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում հայտարարեց, որ պատրաստ են շարունակել աշխատանքը 3+3 ձևաչափում: