Դատախազը գործարար Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ՝ Գոհար Քյալյանի նկատմամբ փողերի լվացման գործով հարուցել է հանրային քրեական հետապնդում
Գ.Ք.-ն իր ամուսնու՝ գործարար Ս.Մ.-ի հետ համակատարմամբ, 2011 թվականին օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գումար։
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2002 թվականի դեկտեմբերի 5-ին Գ.Ք.-ն և Ս.Մ.-ն հիմնադրել են «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը։ Ընկերության 50 տոկոս բաժնեմասը գրանցվել է Գ.Ք.-ի, իսկ մյուս 50 տոկոսը՝ Ս.Մ.-ի անվամբ։
2004 թվականի հոկտեմբերի 25-ին Սամվել Մայրապետյանը և Գոհար Քյալյանը ձեռք են բերել 1995 թվականի փետրվարի 15-ին հիմնադրված «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը՝ յուրաքանչյուրը 50-ական տոկոսի չափով։
Ս.Մ.-ն, 2004 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում, «Պրոգրես-Արմենիա» և «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունների կողմից Երևան քաղաքի Բայրոնի 3, Աբովյան 8, Պուշկինի 38/1, Հյուսիսային պողոտա 3 և 5 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանց օտարման ոլորտներում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, հարկային մարմնին ներկայացրած հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով պետական բյուջե չի վճարել 8 մլրդ դրամ հարկ։
Հարկերի չվճարման արդյունքում առաջացած հանցավոր ծագում ունեցող գումարին օրինական տեսք հաղորդելու, դրա ծագումն ու բնույթը թաքցնելու նպատակով՝ Գ.Ք.-ն, Ս.Մ.-ի հետ համակատարմամբ, վերոնշյալ 8 մլրդ դրամ հանցավոր ծագում ունեցող գումարից 378 մլն 176 հազար դրամին համարժեք 760 հազար եվրոն ներդրել է 2011 թվականի նոյեմբերի 25-ին Սլովակիայի Հանրապետությունում հիմնադրված և իրեն ու ամուսնուն պատկանող «Արեգ» ՍՊ ընկերությունում: Ընկերության անվամբ ձեռք են բերվել Սլովակիայի Հանրապետությունում գտնվող 50 հազարից մինչև 80 հազար եվրո շուկայական արժեքով LEXUS ES300H մակնիշի տրանսպորտային միջոց և 17 միավոր անշարժ գույք:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ.Ք.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը))։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: