Ով չի կարող օգտվել «40 000+10 000» դրամ աջակցությունից. մանրամասնում է ԱՍՀ նախարարը
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն: Որոշումն ընդունվեց Կառավարության՝ հոկտեմբերի 12-ի նիստին:
«Ծրագրով նախատեսում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ընդ որում՝ ընտանիքի բոլոր անդամներին՝ և՛ չափահաս, և՛ անչափահաս, 6 ամիս տրամադրել 40 հազար դրամ վարձավճարի համար և 10 հազարական դրամ՝ կոմունալ վճարների համար»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը ներկայացրեց նաև բացառությունները, որոնց պարագայում տեղահանվածները աջակցության շահառու չեն լինի: Նրանք են տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ-ում չեն, ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք: Վերջինների դեպքում կկարողանան օգտվել միայն կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից։
Հոկտեմբերին սոցիալական աջակցություն ստանալու համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այս ամսվա վճարման ցուցակը կձևավորվի 100 հազար դրամ միանվագ աջակցություն ստացած անձանց տվյալների մշակման միջոցով։ Գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ կտրամադրվի առձեռն՝ «Հայփոստի» միջոցով, այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է, կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և չունի բանկային հաշվեհամար։
«Նոյեմբերից աջակցություն չի տրամարվելու բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց. նրանք այն մարդիկ են, որոնք պետության հոգածության ներքո կգտնվեն, և այս պահին էլ ավելի քան 200 հոգի միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող տարբեր անձինք գտնվում են խնամքի տարբեր հաստատություններում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց, ինչպես նաև, ևս մեկ անգամ շեշտեմ՝ սեփականության իրավունքով անշարժ գույք ունեցող ընտանիքներին»,- ասաց նա և հավելեց՝ սկսած նոյեմբերից՝ աջակցությունը կտրամադրվի 1 անգամ ներկայացվող առցանց դիմումի հիման վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով աջակցությանը, նշեց, որ միայն 6 ամսվա ընթացքում ծրագրի համար ՀՀ պետբյուջեից կծախսվի 27 միլիարդ դրամ, ուստի կարևորեց գումարի նպատակային ծախսումն ու գործընթացի թափանցիկությունը:
Այս ենթատեքստում վարչապետը կարևորեց նաև բնակարանների վարձակալության գործընթացն օրինականության դաշտ բերելու հրամայականը:
«Վարձակալությամբ բնակարաններ տվող մեր սիրելի հայրենակիցներին ասում ենք՝ բոլորդ պետք է գաք օրինական դաշտ, որովհետև ՀՀ-ն այդ թափանցիկության քաղաքականությունը, որը ակնկալվում է Կառավարությունից, պետք է ակնկալվի բոլորից, մանավանդ որ շուտով՝ արդեն 2024-ի հունվարի 1-ից, թևակոխում ենք համընդհանուր հայտարարագրման համակարգ»,- ասաց վարչապետը: