ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Հայաստանում տեղավորելու ծրագիր նախապես չեն ունեցել, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ի սկզբանե պլան չենք ունեցել, որովհետև ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների ու քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային  կառավարման տրամաբանության մեր օրակարգում չի եղել: Ինչ, որ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում: Մենք նախապես ոչինչ չէինք պլանավորել, ու միջազգային հանրությունը հիմա զարմանում է, թե մենք ինչպես կարողացանք հաղթահարել հումանիտար ճգնաժամը, ու մեր փողոցներում չենք տեսնում անօթևաններ։ ՀՀ կառավարությունը կարողացել է իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով նրանց բոլորի կարիքները հոգալ»,-հայտարարել է նա։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են արցախցիներին աջակցելու հարցում և նշել, որ միջազգային բոլոր գործընկերները զարմացած են, թե ինչպես կառավարությունը կարողացավ հոգալ երեք օրում երկիր մտած 100 հազար բռնի տեղահանված փախստականի կարիքները։

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում, եթե նրանք հնարավորություն չունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ 

«Այն պարագայում և այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը և եղբայրներն իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, որ մենք ամեն ինչ անենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ուզում ենք, որ բոլորը առանց բացառությամբ մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի ունեցած տեղեկություններով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2500 անձ դուրս է եկել Հայաստանից։

Փաշինյանը հույս է հայտնել, որ «շոկային վիճակը հաղթահարելու համար արտերկրում ապրող իրենց բարեկամներին այցելելուց և ինչ-որ ժամանակ այնտեղ անցկացնելուց հետո նրանք կվերադառնան»։

«Մենք ժողովրդագրության, բնակարանի ապահովման, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կախված ծրագրեր ունենք։ Մենք բոլոր այդ ծրագրերով ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդկանց Հայաստանում մնալու հնարավորությունները օբյեկտիվ և սուբյեկտիվ որևէ բանով չսահմանափակվեն»,-ասել է վարչապետը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն