Երևանի ընտրությունները, իհարկե, անցան լարված, բայց ՀՀ ժողովրդավարական սկզբունքները չխախտվեցին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Սա, իսկապես, շատ մեծ պատասխանատվություն է ո՛չ միայն Տիգրան Ավինյանի համար, ո՛չ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար և այն մարդկանց առաջ, ովքեր մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին, արտահայտել են դիրքորոշում։ Անկախ նրանից, թե մարդիկ ում օգտին են քվեարկել, նրանք մի ակնկալիք են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և տեսնել երջանիկ երևանցի։ Սա թվում է, թե բարդ, բայց կատարման համար անխուսափելի խնդիր է և այս խնդիրը լուծելը ամենևին էլ միայն քաղաքապետի գործը չէ, այլ նաև Երևանի ավագանու ամբողջ կազմի։ Ուզում եմ նաև շնորհավորել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով խմբակցություններ ձևավորած բոլոր կուսակցություններին և մաղթել նրանց պտղաբեր աշխատանք՝ հանուն Երևանի և երևանցիների», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը ՀՀ-ում.«Ընտրական ամբողջ գործընթացն անցավ, իհարկե, լարված, բայց ժողովրդական էությունը որևէ կերպ չստվերվեց։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Շատ կարևոր է նաև արձանագրել, որ այս ընտրույթունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր անբեկանելի հավատարմությունը 2018 թվականի հեղափոխության արժեքներին, որի առաջնային նպատակը ժողովրդին, ՀՀ քաղաքացուն օժտելն էր անբեկանալեի իշխանությամբ՝ ձևավորելու ինստիտուտներ։ Այս ընտրությունները ապացուցեցին այդ տրամաբանության անշրջելիությունը ՀՀ-ում։
Շատ կարևոր է արձանագրել, որ ՀՀ մայրաքաղաքում կառավարման նոր մոդել է հիմա փորձարկվելու և մայրաքաղաքի կառավարումն իրականացնելու են «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակացությունները, և այս պատասխանատու առիթով շնորհավորում եմ նաև «Հանրապետություն» կուսակցությանը և հաջողություն եմ մաղթում։ Սա, իսկապես, կառավարման նոր կուլտուրա, մշակույթ պետք է բերի, և հույս ունեմ, որ այս մոդելն, իսկապես, կարդարացնի իրեն»։
Փաշինյանը հիշեցրեց, որ Երևանը, ըստ օրենսդրության, կառավարվում է ամբողջ ավագանու կողմից.«Պետք է արձանագրել, որ ընտրությունները՝ ընտրություն, բայց Երևանի ավագանու կամ քաղաքապետարանի աշխատանքին հետևելիս մարդիկ մի հարցի պատասխան են ցանկանալու լսել և տեսնել՝ ինչքանո՞վ են իրենց ձայներով ընտրված ուժերը նվիրված Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը։ Համոզված եմ, որ այս ճանապարհին, իսկապես, կլինենք հոտևողական։
2018 թվականին մեր քաղաքական թիմը Երևանի կառավարման պատասխանատվությունը ստանձնելով՝ էական փոփոխություններ է իրականացրել մայրաքաղաքում, և ես համոզված եմ, որ այս ընթացքում այդ փոփոխությունները տեսանելի ու ավելի շոշափելի կլինեն։ Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունը ինչպես եղել, այնդպես էլ շարունակելու է լինել Երևանի քաղաքապետի , ավագանու կողքին՝ հանուն Երևանի և երևանցու»։