Վանաձոր խոշորացված համայնքի մեջ մտնող Գուգարք բնակավայրին կից շահագործվող քարաղացի խնդրին «Ռադիոլուր»-ն անդրադարձել էր դեռ 2021-ին: Քարաղաց  հաստոցների աղմուկի պատճառով մարդիկ կորցրել են գիշերային հանգիստը: Ընկերության նկատմամբ նախկինում վարչական վարույթներ են հարուցվել՝ տեսչական մարմինների կողմից:

Տնտեսվարողը պատասխանատվության է ենթարկվել ու որոշակի միջոցներ ձեռնարկել աղմուկը մեղմելու նպատակով: 2023-ի սեպտեմբերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր վարույթ է հարուցել, որի շրջանակներում քարաղացը շահագործող ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել, իսկ ընկերության կողմից շահագործվող քարջարդիչ կայանը՝ ապամոնտաժվել:

2 տարի առաջ «Ռադիոլուր»-ն անդրադարձել էր Վանաձոր խոշորացված համայնքի մեջ մտնող Գուգարք բնակավայրի մոտ շահագործվող քարաղացի խնդրին, որի պատճառով մարդկանց կյանքն  անտանելի էր դարձել: Քարաղացից 200 մետրի վրա ապրողները դարձյալ դժգոհում են՝ անտանելի բարձր աղմուկից կորցրել են գիշերային քունը. «1 կմ վերև եմ ապրում, ընդեղից ձենը լսում եմ: Գիշեր-ցերեկ գըռռցընմ են, բա որ էն մեծ քարերն են քցում, տանը նստած, դղրդում ենք»:

«Խայտառակ վիճակ ա, ինչ ասեմ: Թող տանեն սարերի մեջ, քարը որտեղից հանում են, տեղում աղան, ոչ մեկի չխանգարեն»:



Խճի մանրացմամբ, ասֆալտ-բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ –ն 2017-ից իսկական պատուհաս է դարձել տեղացիների համար: Իրար հերթ չտալով`բնակիչները պատմում են բոլոր այն անհարմարություններից ու վնասներից, որ կրում են. մեկի ծառերն են չորացել, մյուսի մեղուները՝ սատկել: Պարբերաբար բողոքի ձայն են բարձրացրել, լսող չկա

«24 ժամ աշխատում ա, գիշեր-ցերեկ, մեքենան լվանում ենք, 1 ժամ հետո սրբում ենք, վրեն հաստ թոզ ա նստած, էդ նույնը մենք շնչում ենք»:

« Գիշերը մինչև ժամը 3-ը աշխատում են, մի կես ժամ կտրում են, ժամը 5-ից սկսում նորից: Ծառերը չորացել են, վարունգ եմ ցանել, սաղ չորացել ա թոզից: Մենք էլ դրանով ենք ապրում: Պայքարեցինք էս քանի տարի, ով ա հաշվի առնում»:



Մի 5 ամիս չաշխատեցին, վերջապես հանգիստ քնում էինք` Արմինե Եթումյանն է ասում, նորից եկան ու ավելի աղմկոտ: Արտադրությանը դեմ չենք, դեմ ենք կազմակերպման ձևին.

«Հիմնականում աղմուկն ա շատ անհանգստացնում ոչ աշխատանքային ժամերին են իրանք աշխատում: Աշխատատեղ ա, բան չունեմ ասելու, թող աշխատեն, բայց գոնե 6-ից հետո չաշխատեն: Գիշերը շատ ծանր ա: Անընդհատ նույն աղմուկը: Երեխաներ ունենք, գործից տուն ես գալիս, ուզում ես հանգստանաս, ահավոր են քարեր աղալու ձայները»:



Գուգարքի վարչական ղեկավար Հայկանուշ Սարգսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որպես ազդակիր համայնք բնակավայրի հանդեպ սոցիալական պատասխանատվության պարտավորություն ու հասցված վնասի փոխհատուցման որևէ մեխանիզմ ընկերությունը չունի: Հիմնական ու անլուծելի խնդիրը բարձր աղմուկն է.

«Ավելի լավ ա կազմակերպվի աշխատանքը  8-9-ժամյա գրաֆիկով, մարդիկ գիշերները քնեն:Ես՝ որպես պաշտոնյա, կողմ եմ, որ գործը կազմակերպվի ի շահ բնակչի, որ մարդիկ չմտածեն փախչեն գյուղից,  քան թե չնչին կոպեկներ մտնեն բյուջե, նոր 2-րդ հերթին էդ մասհանմանը կարելի ա անդրադառնալ, որովհետև կապ չունի աշխատաժամանակը ոնց ա կազմակերպված, եթե նույնիսկ նորմալ ա կազմակերպված, էդ մասհանումը էլի մեզ որպես համայնք, պարտավոր են տալ»:



Գիշերային աշխատանքով քարացաղը ոչ միայն խաթարում է բնակիչների անդորրը, այլև վնասում շրջակա միջավայրին: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից «Ռադիոլուր»-ին ասացին, որ 2019-2022 թվականներին ընկերությունում ստուգումներ են անցկացրել: 3 տարիների ընթացքում, ինչպես նշված է տեսչական մարմնի պատասխան գրության մեջ, հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝ 2021-ին պարզվել է, որ ընկերությունը մթնոլորտ է արտանետել թույլատրված սահմանայինից ավել ածխածնի օսքիդ, ազոտի օքսիդ և անօրգանական փոշի, չի պահպանել ջրօգտագործման թույլտվության պահանջը, ջրառի կետում չի ունեցել տեղադրված հաշվիչ: Այս խախտումների փաստով ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Չափաքանակներից ավելի արտանետումների համար ընկերությանը ներկայացվել է պատճառված վնասի հատուցման պահանջ, թե որքան, տեսչական մարմինը չի հստակեցրել: 2023-ի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը տեսչական մարմինը նոր ստուգումներ է անցկացրել ընկերությունում:



«Ա.Ա.Բ.Պրոեկտ» ընկերության Վանաձորի պատասխանատու Տարոն Սիմոնյանը չձայնագրվելու պայմանով «Ռադիոլուր»-ին ասաց, որ հին, աղմկոտ քարաղացները փոխարինել են նոր, էկոլոգիապես անվնաս քարաղացներով: Դրանք ապահովված են նաև ջրային համակարգով, որը թույլ է տալիս չգերազանցել փոշու և այլ արտանետումների սահմանային թույլատրելի նորման, նաև ավելի քիչ աղմկոտ են: Չժխտեց՝ գիշերային ժամերին աշխատում են: Գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային պարտավորությունների ժամկետներում տեղավորվելու խնդիր ունեն: Փաստաթղթավորված սոցիալական պատասխանատվություն Գուգարք ազդակիր համայնքի հանդեպ չունեն: Երբ գյուղից դիմում են, աջակցում ենք, հիմնականում նվիրատվությունների տեսքով՝ասաց:



Չնայած այս ամենին՝ մարդիկ այնքան են հուսահատվել, որ տուն-տեղ թողնելու մասին են մտածում: Մուշեղ Եթումյանը, 60 տարի Գուգարքում ապրելուց հետո, որոշել է լքել իրենց աղմկոտ բնակավայրն ու տեղափոխվել մայրաքաղաք. «Էնքան ա վնասում, որ ուզում ենք ստեղից դուրս գանք, տեղափոխվենք Երևան: Որ ավտոն սամասվալ են անում, բորտը նենց ա տալիս, ոնց որ տունը պայթացնեն: Քանի անգամ բողոքել ենք, էլի նույն բանը: Մեղու պահող շատ կային, սատկել են, անասունի խոտը ստեղից ենք հնձում, ուտում են, փոշին հետը, շատերը ֆորթատում են, չեն մարսում, գունդ ա գալիս ստամոքսի մեջ: Վարկ ենք վերցրել, անասուն առել, եթե արդյունք չկա, վարկն ինչո՞վ ենք տալու, ո՞նց ապրենք»:

Ընկերության նկատմամբ նախկինում հարուցվել է վարչական վարույթ, նշանակվել վարչական տույժ՝ 40000 դրամի չափով՝«Ռադիոլուր»-ին փոխանցեցին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Վարույթի շրջանակում, թեև տնտեսվարողը որոշակի միջոցներ է ձեռնարկել աղմուկը մեղմելու նպատակով, այդուհանդերձ 2023-ի սեպտեմբերի 19-ին տեսչություն ստացված տեղեկության հիման վրա դարձյալ վարույթ է հարուցվել, որն ընթացքի մեջ է:



«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ից Լիլիթ Մելիքջանյանն ասում է՝ 2 տարի առաջ, գուգարքցիները դիմել էին իրենց ստորագրահավաքի հարցով, որն այդպես էլ չհաջողեց: Ազդակիր համայնքները պետք է պահանջատեր լինեն՝ բնակիչների խախտված իրավունքների վերականգնման հարցում: Վստահ է՝ չնչին տուգանքները նման կազմակերպության համար լուրջ ֆինանսական բեռ չեն, մինչդեռ տարերային աջակցություններով նրանք թուլացնում են համայնքային մոբիլիզացիան.«Ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունները ոչ մի քայլ չեն անում քարացաղի հասցրած վնասի փոխհատուցման առումով: Որպես ազդակիր համայնք՝ աղացը պարտավոր է սոցիալական ծրագրեր անել, բայց ոչինչ չկա: Մտածում են, որ մի մեքենա ավազ տվեցին, ուրեմն համայնքի համար ինչ-որ բան են արել․ ինչ-որ հատվածի մի-մի մեքենա ավազ նվիրելով՝ հանրային մոբիլիզացիա չի լինում»:



Ամփոփելով սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը անցկացրած ստուգումների արդյունքները՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել ընկերությանը՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի պահանջները խախտելու համար: Ապամոնտաժվել է նաև ընկերության կողմից շահագործվող ջարդիչ կայանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն