Ձեր հիստերիան սեղմվող օղակի նշան է․ հաստատ. Լիլիթ Գալստյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Իշխանամերձ պրոպագանդիստերը հանձնարարություն են ստացել և մինյանց հերթ չտալով, գրեթե նույն բառապաշարով լրահոս են լցնում՝ ավելի շուտ թունավորում հանրային բանականությունը՝ փորձելով մեղավոր նշանակել և հիմավորել, թե Ադրբեջանի ագրեսիայի և Արցախի անկման պատճառը ԱՀ նախագահի ընտրություններն էին, ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 9-ից 19-ը ընկած ժամանակահատվածը։
Անմեղսունակ, մտավոր հետամնաց կամ անթաքույց ցինիկ պետք է լինել, չտեսնելու համար, որ Հայաստանի ու Արցախի անկման, մեր ազգային աղետի մեկնարկը տրվել է 2018-ին։ Գործարկվել է մի ծրագիր, ուր միահյուսվել են գունավոր հեղափոխության տեղական տարբերակը, իշխանության եկածների հանձառությունները, նրանց տգիտությունը, արկածախնդրությունը, ազգային-պետական շահի զրո գիտակցումը, անձնական ցածր որակները և այլն։
Նվազագույնը բարոյապես բացակա ու բովանդակությամբ կույր պետք է լինել՝ շրջանցելու 44-օրյա պատերազմի դառը պարտությունը, հազարավոր զոհերին, կորսված Շուշին ու Հադրութը և ամենադառը իրականությունը՝ Արցախից ձեռքերը լվացած ՀՀ իշխանությանը։
Դատական տարբեր վճիռներով զրպարտության և ստախոսության մեջ մեղադրված, Արման Բաբաջանյանը Հ1-ի եթերում՝ ստանձնելով Ալիև-Փաշինյանի փաստաբանի առաքելությունը, փորձում է փրփրաշուրթ պաթոսով «հիմնավորել», թե «Արցախի հարցը թաղել են և սեփական ձեռքերով վաճառել այն բանդիտները/նկատի ունի Արցախի ԱԺ պատգամավորներին/, ովքեր ընտրեցին Շահրամանյանին»։
Մի շարք հայցերով զրպարտության մեջ մեղադրվող Արման Բաբաջանյանի համար/որքան հիշում եմ սեփական մոր դեմ էլ էր սա ցուցմունք տվել/ ոչ սեփական խոսքն արժեք գոյություն ունի, ոչ՝ պատվախնդրություն, ոչ էլ՝ բարոյականության կարմիր գիծ։
Նրա և ռեժիմի պրոպագանդիստների առջև խնդիր է դրված՝ մեղավորներ նշանակել, ավարտին հասցնել ստանձնած օրակակարգերը, փրկել նիկոլի ու խմբակի կաշին։
Այսքա՜ն մանիպուլյացիա ու ագրեսիվ ցինիզմ, և սա տարածվում է հանրայինի եթերով, ըստ էության հանրային փողերով թունավորելով սեփական ժողովրդին, այն էլ այս ծանր պահին․․․
Եվ դուք կարծու՞մ եք, թե ժողովուրդն այդ լկտի սուտը կուլ տալու չափ կույր է կամ՝ հիմար, Արցախն այդ մեկ շաբաթում ընկա՞վ․․․։
Հայ ժողովուրդն ամնեզիայով չի տառապում, փաստերն այնքան ակնհայտ են․ 2022-ի հոկտեմբերին Նիկոլն է Պրահայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ որևէ կառույցից կամ երկրից չստանալով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներ։ Այս հաստատումը նա և իր թիմակիցները կատարել են տարբեր միջազգային հարթակներում՝ կանաչ լույս վառելով ցեղասպանի առջև։
Այս անհավասարակշիռ և դավաճանական հայտարարություններին են հաջորդել թե՜ Արցախի բլոկադան, թե՜ Ադրբեջանական ագրեսիան ու ցեղասպանական վարքագիծը։
Նիկոլը Արցախի ցեղասպանության և հայաթափման մեղսակից է, հանցավոր նաև ՀՀ սահմանադրությամբ և Հռչակագրով ՀՀ պարտականություններն ու հանձնառությունները գիտակցաբար տապալելու համար։
Նիկոլի և օտար օրակարգերի սպասարկության էքստազի մեջ Բաբաջանյանը գերազանցում է ինքն իրեն՝ պնդելով, թե կեղեքվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում «առաքելություն է իրականացնում» և Հայաստանում գտնվող Շահրամանյանի ու Արցախի 22 պատգամավորների հետ դավադիր ծրագիր են հետապնդում․ վտարանդի ԱԺ կամ Կառավարություն ձևավորելով, նրանք լեգիտիմացնում են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը։
Այս «ճարպիկ», հակապետական բառախաղերի մեջ Ա․ Բաբաջանյանը չի ուզում հիշել, որ շուտով երկրորդ տարին կլրանա, ինչ Ադրբեջանական զորամիավորումներ կողմից օկուպացված են ՀՀ 120-150 քառկմ սուվերեն տարածքներ, նաև գրավված են ռազմավարական նշանակության տասնյակ բարձունքներ։ Իսկ խաղաղության մուրացկանն՝ իր միջազգային զրո հեղինակությամբ ու վարկանիշով չի կարողանում վերականգնել անգամ ՀՀ սուվերենությունը։
Այս «Ճարպիկն» իհարկե չի խոստովանի, որ նիկոլ անունով մի ուրիշ «ճարպիկ» ԱՄՆ-ԲՐՅՈւՍԵԼ-ՄՈՍԿՎԱ «բանակցային» լարախաղացությամբ ու սեփական «28.000․․, 86․000․․․ քարտեզագիտությամբ» ու «հրամանատարական» տաղանդով կատարյալ մղձավանջ ու կործանարար քաոս է ստեղծելՀայաստանում և նրա շուրջ։
Ա․ Բաբաջանյանն ու իշխանության մյուս պրոպագանդիստները հավանաբար չեն լսել, որ նիկոլը «պատրաստ է զիջել, միայն թե՝ չգիտի, թե ինչքան»։
Նա նաև չգիտի, որ օրակարգում, այնուամենայնիվ, Զանգեզուրի միջանցքն է, ու այստեղ մազապուրծ արցախցին ոչ մեղք ունի, ոչ՝ պատասխանատվություն։
Ա․ Բաբաջանյանն ու իշխանության մյուս պրոպագանդիստները հավանաբար չգիտեն, որ դեռ Արայիկ Հարությունյանի նախագահության շրջանում էր Ադրբեջանը հակաահաբեկչական ստորաբաժանումներ կուտակել Արցախի ողջ առաջնագծով։
Ա․ Բաբաջանյանը և մյուս պրոպագանդիստները նաև չգիտեն, չեն լսել, որ սեպտեմբերյան ագրեսիայի նախօրյակին նիկոլը ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի ֆոնին հրատապ հեռախոսազրույցներ էր վարում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի և Վրաստանի բարձր ղեկավարության հետ։
Արցախն ու մեր հաղթանակները նվաստացնող Ա․ Բաբաջանյանն ու մյուս պրոպագանդիստները հավանաբար չգիտեն, չեն լսել, որ Շահրամանյանը ընտրվել է Սահմանադրության և գործող օրենքների համաձայն, իսկ Արցախի նախագահի պաշտոնին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Սամվել Բաբայանը։
Ի դեպ, Հակարիի կամուրջից Հ1-ի տաղավարում հայտնված Ս․ Բաբայանը առիթը բաց չի թողնում չարախոսելու Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին ու զուգահեռ իրեն բանակցող կարգելով ու հրապարակային ինքնառաջադրվելով որպես Հայաստանում կազմակերպվող Արցախահայերի առաջնորդ։
Եվ, այնուամենանիվ, քաղաքականությունը ոչ մարտ է առանց կանոնների, ոչ էլ՝ անբարոյականության մրցավազք։ Չեմ պատկերացնում, որ տղամարդ կամ մարդ կոչվելու իրավունք ունի այն հայը կամ առհասարակ մարդը, ով կարող է այս պահին չարախոսել Բաքվի բանտերում կեղեքվող Արցախի խորհրդանիշերի վրա, մարդկանց վրա, ովքեր հնարավոր սայթակումների կողքին հաղթանակներ ու արժանապատվություն են տվել Արցախի հողին, հայությանը։
Իսկ Ա․ Բաբաջանյանը գերազանցեց ինքն իրեն՝ պնդելով, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր Հայաստան գալ բժշկական ուղղաթիռով, բայց գերադասեց մերժել․․․
Ասեմ, որ ստի և երեսպաշտության էս հիստերիային անգամ Պետրոսը չդիմացավ․ երեք անգամ տրամաբանական հունի մեջ դնելու անհաջող փորձից հետո, հաղորդումն ավարտվեց 21-րդ րոպեում։
Իսկ իշխանական պրոպագանդիստները շարունակում են հիստերիկ ստով և կեղծիքով, շանտաժով ու ատելության խոսքով, երեսուն արծաթով քայքայել ամեն բան, սոդոմացնել ու աճուրդի հանել Երկիրը․․․
Ձեր հիստերիան սեղմվող օղակի նշան է․ հաստատ»։