ԱՄՆ-ն կարող է վերանայել ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախորդ շաբաթ նախազգուշացրել է օրենսդիրների մի փոքր խմբի, որ Ադրբեջանը առաջիկայում կարող է ներխուժել Հայաստան՝ հաղորդում է POLITICO-ն՝ հղում անելով խոսակցությանը ծանոթ երկու անձանց։
Հոկտեմբերի 3-ին կայացած զրույցում օրենսդիրները Բլինքենի վրա ճնշում են գործադրել Ալիևի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ՝ ի պատասխան սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման։
Բլինքենը պատասխանել է, որ Պետդեպարտամենտը ուղիներ է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և չի ծրագրում երկարացնել 907 բանաձևը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Բաքվին: Նա հավելել է, որ Պետդեպը հավանական է համարում, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։
POLITICO-ին տրամադրած հայտարարության մեջ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել զրույցը, սակայն ընդգծել է գերատեսչության հավատարմությունը «Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» և հակամարտությունը «ուղիղ բանակցությունների միջոցով» լուծելուն։