Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) բավարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության սահմանադրական պնդումը և գտել, որ հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է սահմանադրությունը իր արտասահմանյան այցերի պատճառով՝ առանց կառավարության թույլտվության, գրել է ՏԱՍՍ-ը։

Դատարանի որոշումը ուղիղ եթերում ընթերցել է ՍԴ նախագահ Մերաբ Տուրավան։

«Վրաստանի Սահմանադրական դատարանը պարզել է, որ Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին 2023 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 6-ին արտասահման կատարած աշխատանքային այցերի ընթացքում իրականացրել է ներկայացուցչական իրավունքներ և լիազորություններ միջազգային հարաբերությունների ոլորտում՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության՝ դրանով իսկ խախտելով Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը»,- ասել է Տուրավան։

Վրաստանի Սահմանադրական դատարանի պլենումի ինը դատավորներից վեցը կողմ են քվեարկել այս որոշմանը։ Դատավորներ Իրինա Իմերլիշվիլին, Թեյմուրազ Տուգուշին և Գեորգի Կվենչհիլաձեն այլ կարծիք են հայտնել։

Տուրավան պարզաբանել է նաև, որ որոշումը վերջնական է և չի կարող բողոքարկվել։ Այն կուղարկվի խորհրդարան, որից հետո երկու շաբաթվա ընթացքում լիագումար նիստում քվեարկության կդրվի նախագահի իմփիչմենթի հարցը։

Օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին Զուրաբիշվիլին այցելել է Բեռլին, Բրյուսել և Փարիզ, որտեղ նա բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Վրաստանի կառավարությունը դրա համար համաձայնություն չէր տվել, ինչի պատճառով էլ իշխող կուսակցությունը նախագահին մեղադրել է սահմանադրությունը խախտելու մեջ և սկսել է իմպիչմենթի գործընթաց։

Դատարանը սահմանադրական առաջարկի քննարկումն ավարտել է հոկտեմբերի 5-ին, որից հետո հանգստի անցել՝ որոշում կայացնելու։ Իմպիչմենթը տեղի կունենա, եթե 150 պատգամավորներից 100-ը համաձայնեն դրան։ Իշխող կուսակցությունն ունի 84 մանդատ խորհրդարանում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն