Ադրբեջանի գործողությունները մաս էին կազմում նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության. Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին
Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում երկու նախարարների հանդիպման՝ հեռախոսազանգի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած միջազգային գործընկերների հասցեական ուղերձներին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հերթական անգամ դիմեց ուժի կիրառման, և Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևած շրջափակումից հետո ավելի քան 100 հազար հայ ստիպված էր լքել իր հայրենիքը և ապահով ապաստան գտնել Հայաստանում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները մաս էին կազմում նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության, որի մասին Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգում էր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերներին և նրանց իրավունքների հասցեագրման հարցերին:
Տարածաշրջանում անվտանգային ընդհանուր իրավիճակի համատեքստում ընդգծվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Էստոնիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ: