Պուտինը ժամանել է Չինաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով ժամանել է Պեկին՝ մասնակցելու «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովին: Այն անցկացվում է հոկտեմբերի 17-18-ը Տյանանմեն հրապարակի Ժողովրդական ժողովների տանը:
Համաժողովի շրջանակում տեղի կունենան նաև ռուս-չինական բանակցությունները: Պուտինը երկկողմ հանդիպումներ կանցկացնի նաև Վիետնամի, Թաիլանդի, Մոնղոլիայի և Լաոսի ղեկավարների հետ: Նախատեսվում է ՌԴ նախագահի հանդիպումը նաև Պակիստանի անցումային կառավարության ղեկավարի հետ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը հոկտեմբերի 18-ին կհանդիպի ՉԺՀ նախագահի հետ: Նրա խոսքով՝ նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ վստահություն է հայտնել, որ բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի իսրալա-պաղեստինյան խնդրին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՌԴ նախագահի Չինաստան այցը, նշել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումներն առավել կարևոր են արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում: Զախարովայի խոսքով՝ այդ շփումները լավ հնարավորություն են դիրքորոշումները համակարգելու համար: