Միջազգային հանրությունը ցնցված է Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից և պահանջում է պատժել մեղավորներին
Չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաց նիստում կքննարկի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները և Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումը: Սպասվում է, որ հանդիպմանը ելույթ կունենան և՛ Իսրայելի, և՛ Պաղեստինի ներկայացուցիչները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ հարյուրավոր պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունից և խստորեն դատապարտում է հարձակումը:
Այդ հարձակումից ցնցված են Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Նրանք ցավակցել են զոհերի ընտանիքներին, դատապարտել են ավիահարձակումը և կարևորել հարձակման բոլոր հանգամանքների հետաքննության անցկացումը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դատապարտի ոչ միայն ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա, այլև Գազայի խաղաղ բնակչության վրա հարձակումները։
«Իհարկե, Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու: Բայց իրեն պաշտպանելու իրավունքը սահմաններ ունի, այս դեպքում դա միջազգային իրավունքն է և միջազգային մարդասիրական իրավունքը: Մենք դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումներն Իսրայելի վրա, բայց կարծում եմ, որ պետք է դատապարտենք նաև Գազայում խաղաղ բնակչության վրա հարձակումները»,- ասել է Բորելը։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կոչ է արել մահմեդական և արաբական երկրների ղեկավարներին ոչ միայն դատապարտել Իսրայելի գործողությունները, այլև գործնական միջոցներ կձեռնարկել այդ երկրի պատերազմական մեքենան կանգնեցնելու համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ Իսրայելը, իր ամերիկացի գործընկերների մասնակցությամբ, պետք է արբանյակային պատկերներ տրամադրի, ապացուցելու, որ չի մասնակցել Գազայի հիվանդանոցի վրա հարձակմանը։