Մեր հաղթանակը նորից գողացան: Կարենը հաղթում էր, առավելությունը մերն էր, բայց հաղթանակը տվեցին մրցակցին:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից Կարեն Ասլանյանի պարտությունը քառորդ եզրափակիչում մեկնաբանեց Հայաստանի հավաքականի մարզիչ, Կարեն Ասլանյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց Աֆրիկայի եռակի չեմպիո, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն, 23-ամյա եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի հետ եւ պարտվեց 7:7 հաշվով։

Չնայած վերջին միավորների առավելությունը Ասլանյանինն էր, բայց հաղթանակը շնորհվեց եգիպտացի ըմբիշին, քանի որ Կարեն Ասլանյանը զգուշացումներ ուներ:

«Արդեն երկրորդ անգամ այսպես մեզնից գողանում են հաղթանակը: Կարենը մաքուր հաղթանակ տոնեց եգիպտացու նկատմամբ: 2։7 պարտվելուց եկավ հասավ 7:7-ի:

Մրցավարներն այսպես արդեն երկրորդ անգամ մեր ձեռքից տանում են այս կարեւոր հաղթանակը: Բոլոր միավորներն էլ մերն էր, բայց մեզ չտվեցին: Ո՞ւմ բողոքարկենք, ի՞նչ բողոքարկենք: Իրենք իրենց ուզածն անում են»,- ասաց Սամվել Գեւորգյանը:

Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդ - Կարեն Ասլանյան դիմակայությունում մրցավարներն արդեն երկրորդ անգամ են նախապատվությունը տալիս եգիպտացի ըմբիշին: Նույն վիճահարույց մրցավարության հետեւանքով Կարեն Ասլանյանը պարտվել էր նաեւ 2019 թվականին Նուրսուլթանում անցկացված աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում:

Կարեն Ասլանյանը Տոկիոյում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից։ 26-ամյա հայ ըմբիշը գոտեմարտել էր 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասել վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։ Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը 7։6 հաշվով պարտության էր մատնել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա հարավկորեացի Ռյու Սան Սուին։ Եթե Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը հասնի եզրափակիչ, Կարեն Ասլանյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն