Գազայի հատվածի բնակիչների թիվը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, հասել է 1,4 միլիոնի. ՄԱԿ
Մոտ 1,4 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի պատճառով, հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը:
Սա Գազայի հատվածի բնակչության մեծամասնությունն է, որը կազմում է շուրջ 2 միլիոն մարդ:
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո զոհվել է 1400 մարդ։ Համաձայն Գազայի առողջապահության նախարարության (որը վերահսկում է ՀԱՄԱՍ-ը) հրապարակած տվյալների՝ իսրայելական բանակի պատասխան գործողությունների արդյունքում զոհվել է 4137 պաղեստինցի։
Ավելի վաղ Իսրայելը, պատրաստվելով բանակը մտցնել Գազայի հատված, պահանջել էր իր հյուսիսային հատվածի խաղաղ բնակչությանը, ներառյալ հենց Գազա քաղաքը, շտապ տարհանել հարավ:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Բացի այդ, զանգվածային հրթիռային հարձակումներից հետո կազմակերպության մարտիկները ներթափանցել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ վերցրեցին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։