Էրդողանը կոչ է արել աջակցել Գազայում հրադադարի ռեժիմի շուտափույթ հաստատմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսրայելի իշխանություններին մեղադրել է տարածաշրջանից դուրս գտնվող ուժերին սադրելու համար: Նրա խոսքով՝ Գազայի վրա հարձակումների ընդլայնումը ոչ մի դրական բանի չի հանգեցնի:
«Միանգամայն ակնհայտ է, որ անհնար է անվտանգություն ապահովել՝ սպանելով երեխաներին, կանանց և խաղաղ բնակիչներին, պայթեցնելով հիվանդանոցներ, դպրոցներ, մզկիթներ ու եկեղեցիներ: Մեր տարածաշրջանը պետք է հնարավորինս շուտ փրկել այս խելագարությունից, որը խրախուսում են արևմտյան երկրները և լեգիտիմացնում արևմտյան լրատվամիջոցները»,- նշել է Էրդողանը:
Նա բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ է արել աջակցել Գազայում հրադադարի ռեժիմի շուտափույթ հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար անհրաժեշտ են նոր մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն մուսուլմանների, հրեաների, քրիստոնյաների անվտանգությունը:
«Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ հետագա արյունահեղության և հումանիտար ողբերգությունների կանխարգելման ու Պաղեստինում հակամարտության կարգավորման գործում»,- ընդգծել է Էրդողանը: