Հոկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Բրազիլիայի նախագահությամբ կայացել է «Խաղաղությունը՝ երկխոսության միջոցով․ տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ կառույցների ներդրումը հակամարտությունների կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» խորագրով հանդիպմումը, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Անդրադառնալով խաղաղության և անվտանգության ապահովան գործում տարածաշրջանային կառույցների դերակատարությանը՝ Հայաստանի դեսպանը հիշատակել է տարիներ ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը։

Շեշտվել է, որ 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանը ավերիչ պատերազմ սանձազերծելով՝ դուրս եկավ տարածաշրջանային մեխանիզմի ներքո ընթացող բանակցություններից՝ ընտրելով լայնամասշտաբ ուժի կիրառումը։ Շեշտվել է, որ խախտելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ Ադրբեջանը տասը ամիս շրջափակման ներքո է պահել Լեռնային Ղարաբաղը, ինչին հաջորդել է ռազմական ներխուժում, որի հետևանքով ողջ բնակչությունը ենթարկվել է զանգվածային բռնի տեղահանության և էթնիկ զտման։ 

Դեսպան Մարգարյանն ընգծել է, որ ադրբեջանական ռազմական ագրեսիան կանխելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելու հարցում տարածաշրջանային անվտանգային կառույցների անկարողության պայմաններում, ՄԱԿ-ը և Անվտանգության խորհրուրդն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում արդարություն ու հաշվետվողականություն ապահովելու և ստեղծելու արդյունավետ միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը անվտանգ ու արժանապատիվ վերադարձի համար՝ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։

Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն