Աժ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է մի մարդ, ով իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի թեկնածության մասին (տեսանյութ)
Ցանկանում եմ հիշեցնել, որ իշխող խմբակցությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում, անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում իշխող խմբակցության կողմից Ռուբեն Ռուբինյանի թեկնածության առաջադրմանը, ասաց «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ երբեք չի թաքցրել այն հանգամանքը, որ որոշակի ժամանակահատված հետազոտություններ է իրականացրել Թուրքիայում։
«2017թ-ին Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն և փոխնախարար նշանակվելուց հետո հայտարարել եմ, որ հեղափոխությունից առաջ եղել եմ Թուրքիայում»։
Արձագանքելով Ռուբինյանի պատասխանին՝ Աննա Մկրտչյանը նշեց․ «Թուրքիայում գտնվելու շարժառիթը տեսականորեն կարող է հանդիսանալ այն իրավիճակը, որ դուք գնացել եք Թուրքիա ձեր հերթական լրտեսական տառը ստանալու»։
Ռուբինյանը ի պատասխան շեշտեց, որ միմյանց թուրք անվանելը ստեղծում է 0 քաղաքական արժեք և պղտորում է հանրային քննարկումների մակարդակը։