Հայաստանի խորհրդարանը միանշանակ չի արձագանքում ոչ Թեհրանում կայացած արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպմանը, ոչ էլ Փարիզում պաշտպանության նախարարների միջև ստորագրված հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրին։ Պատգամավորները տարբեր խնդիրներ են տեսնում երկու ուղղություններում էլ։ 

Ընդդիմության ակնկալիքները, օրինակ, հայ-ֆրանսիական համաձայնություններից ավելին են, քան հայտարարվել է, իսկ տարածաշրջանային քաղաքական հարթակի ուղերձներին պետք է հստակ քայլեր հաջորդեն, ինչի նախադրյալները չեն տեսնում։ Իշխանական պատգամավորների կարծիքով՝ որքան էլ դժվար լինեն բանակցությունները, դրանք չպետք է դադարեցվեն։ Կարևորը բարդ խնդիրները քննարկելն ու լուծումներ գտնելն է։

«3+3» ձևաչափով Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր օկուպացիոն զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:



Թեհրանում «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո մասնակից 5 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հաղորդագրություն են տարածել՝ ընդգծելով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության կարևորությունը:

Նախօրեի քաղաքական հանդիպումը, սակայն, պատգամավորի տեսանկյունից ուշագրավ է ոչ այնքան ընդունված հայտարարության, որքան դրա ենթատեքստի և ուղերձի առումով։

«Տարածքային ամբողջականության սահմանումը, եթե հղում անենք Հելսինկիի եզրափակիչ ակտին, նշանակում է տարածքային վեճերը խաղաղությամբ լուծել: Այո, բոլոր երկրները, մանավանդ դրկից երկրները պետք է հարաբերությունները կարգավորեն առանց ուժի կիրառման: Հետևաբար, Ադրբեջանը, որը երեկ այդ հայտարարությունն ընդունել է, այսօր պետք է արդեն իր օկուպացիոն զորքերը հաներ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից: Բայց Ադրբեջանը, մի կողմից ընդունելով նման հայտարարություն, մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ ինքը խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ «Խաղաղության համաձայնագիրը» չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն»:



Ըստ պատգամավորի՝ այս ամենն իմանալով Հայաստանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը: Իսկ սա, ըստ Խաչատրյանի, կախված է ոչ այնքան նրանից, թե որտեղ են գտնվում բանակցային սեղանները, այլ՝ թե ովքեր են սեղանի շուրջ, և ինչ է դրված սեղանի վրա։

«3+3» հարթակից դրական սպասելիքներ ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ հստակեցնելով, որ այն «Խաղաղության պայմանագրին» առնչվող նպատակներ չունի։

«Ես գնահատում եմ շար արդյունավետ հարթակ, երբ սահմանակից հարևաններն իրար հետ խոսում են իրենց երկրների ներկայի ու ապագայի մասին։ Ավելի արդյունավետ հարթակ չեմ կարողանում պատկերացնել։ Գեներացիա անել, որ պրոբլեմները շատանան, դա մի խնդիր է, և հանդիպել, պրոբլեմները քննարկել, թեկուզ բարդ խոսակցություն ունենալ ու այդ բարդ խոսակցության արդյունքում հասնել դրական որևէ լուծման, դա այլ խնդիր է։ Ես կարծում եմ, որ այդ հարթակը «Խաղաղության պայմանագրի» կնքման հայտ չի ներկայացրել։ Կարծում եմ, որ «Խաղաղության պայմանագրի» բովանդակության վերջնական համաձայնեցումից հետո, երբ երկու կողմն էլ համաձայն կլինեն տեքստին, ամենակարևորը չէ, թե որտեղ դա կստորագրվի։ Նույնիսկ նրա համար, որպեսզի մեր բոլոր գործընկերներին հնարավորություն տանք, որ իրենք միջազգային հեղինակությունը բարձր պահեն, կարող ենք ստորագրել մի քանի հարթակում։ Նոու-հաու եմ ասում․ վերցնում ենք ու «Խաղաղության պայմանագիրը», նույն տեքստը ստորագրում ենք, օրինակ` երեք հարթակում։ Կամ պարաֆինացնում ենք մի տեղում, ստորագրում ենք մյուս տեղում, վերջնական հայտարարություններ անում ենք մեկ այլ տեղում»։ 

Իշխանական պատգամավորի խոսքով՝ որքան էլ դժվար լինեն բանակցությունները, պետք չէ դադարեցնել դրանք ու խաղաղության օրակարգի քննարկումը։ Բացատրում է, թե ինչ է ենթադրում եվրոպական երկրներին «Հայկական խաչմերուկ» անվանումով ծրագրի առաջարկը, որը, պատգամավորի ընկալմամբ, քաղաքական վեկտորի փոփոխության հետ առնչություն չունի։ 



«Մեր գերնպատակը ակտիվ տնտեսական համագործակցությունն է ԵՄ հարևանների հետ, ՌԴ-ի հետ, ԻԻՀ-ի հետ, Թուրքիայի հետ, Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Դա նշանակում է, որ մենք անցնում ենք 30-ամյա «պաշարված ամրոցի» ռեժիմից, բաց, փոխշահավետ համագործակցության ռեժիմի։ Մենք այդ պատրաստակամությունն ենք ասում համայն աշխարհին։ Ժամանակն է մի կարևոր սրբագրում անելու․ հայ-ադրբեջանական 30-ամյա ամենօրյա տաք կամ սառը պատերազմը այս պահին ավարտվել է, ու կան խնդիրներ, որոնք պետք է առօրյա ռեժիմով լուծվեն։ Դա թշնամու ներկայությունն է ՀՀ սուվերեն տարածքում, դա «Խաղաղության պայմանագրի» բովանդակությունն է, որը պետք է համաձայնեցվի երկու երկրների մեջ, դա փոխադարձ պարտավորություններն են։ Պետք է ընդունել հետևյալը․հայկական քաղաքական, տնտեսական ինտելեկտուալ միտքը 30 տարի տարել է մի ճանապարհով, որի արդյունքը մենք արձանագրեցինք որպես ազգային իղձերի աղետ, հիմա մենք պետք է կարողանանք հասկանալ, որ մեր պետական իղձերը դնենք արդյունավետ ռելսերի վրա»։ 

Մինչդեռ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է, որ «Հայկական խաչմերուկ» ծրագրի հաշվարկները սխալ են։ Իր հաշվարկներով ծրագիրը լավատեսություն չի ներշնչում։ Պատգամավորը որոշակի դժգոհություններ ունի նաև նախօրեին ստորագրված հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրից։

Թեև նաև դրականն է նշում․ «5 տարվա ընթացքում վերջապես հաջողեցրին Ֆրանսիայից 3 ռադիոլոկացիոն կայան ձեռք բերել և ինչ-որ հրթիռների մասին պայմանավորվածություն։ Շուտ էր դա պետք անել, ոչ թե ողբալ, ասել՝ փող ունենք, մեզ զենք չեն տալիս։ Պետք է, իհարկե, ցույց տալ և գնահատել, որ կա երկիր, որը պատրաստ է քեզ աջակցել, իհարկե, բայց ես հույս ունեմ, որ այդ 3 ռադիոլոկացիոն կայանից ավելի ինչ-որ բան կլինի։ 5 տարվա ընթացքում կամ լավ, պատերազմից հետո 3 տարվա ընթացքում խոսել այդ ռադիոլոկացիոն կայանների մասին, լուրջ չէ։ Հույս ունեմ, որ գոնե այս ռադիոլոկացիոն կայանները, ի տարբերություն «ՍՈՒ»-երի, կկիրառվեն»։



Պատգամավորը պնդում է, որ գործող իշխանությունն առաջինը չէ, որին հաջողվել է Արևմուտքից սպառազինություն ձեռք բերել։ Երկրների անուններ չի տալիս ու զինատեսակներ չի նշում։ Որպես օրինակ նշում է 1991 թվականը, երբ չկար պաշտպանության նախարարություն, բայց կար պաշտպանության կոմիտե։ Այն ժամանակ Արթուր Խաչատրյանը ռադիստ էր և հիշում է, որ ռադիոկայանը ռուսական չէր։ Ավելի թարմ օրինակ պատգամավորը չի նշում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն