«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 12-ից ադրբեջանական կողմը ներխուժել է ՀՀ տարածք եւ չի էլ պատրաստվում հեռանալ, սակայն իշխանություններին դա կարծես թե այնքան էլ չի հուզում։ Արդեն երկու օր է՝ մեկնարկել են նորընտիր ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստերը, սակայն իշխանության ներկայացուցիչները, արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կամ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանն ամեն կերպ խուսափում են ընդդիմության կողմից հնչող ուղիղ հարցերից, որոնք վերաբերում են հենց հայ- ադրբեջանական սահմանային իրավիճակին եւ դրա բաղկացուցիչներին։
Դրա փոխարեն նրանք զբաղված են ընդդիմադիր պատգամավորներին տարբեր որակումներ տալով եւ հիշեցնելով, թե առաջին անգամ են խորհրդարանում, այնինչ նախկինում հենց նրանք էին դժգոհում, թե իրենց նորեկ եւ անփորձ են անվանում։ Խորհրդարանում տիրող իրավիճակին զուգահեռ կազմավորվում է նաեւ կառավարությունը. երեկվա դրությամբ թափուր էին երկու նախարարություն՝ Արտաքին գործերի եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պաշտոններին կնշանակվեն Արարատ Միրզոյանն ու Հայկ Չոբանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում