Արդեն հայտնի է, թե ինչ պաշտպանական զենք, սպառազինություն է ձեռք բերելու Հայաստանը Ֆրանսիայից և ինչ է նախատեսում գնել առաջիկայում։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին նախապատրաստելու իր ցամաքային պաշտպանական ուժերը և կաջակցի ԶՈւ-ի բարեփոխմանն ու արդիականացմանը։

«Թեև նույն ռազմական և քաղաքական դաշինքների մասը չենք կազմում, բայց Ֆրանսիան Հայաստանի հետ պաշտպանական հարաբերությունները պահպանելու է։ Դրանք հիմնված են մի պարզ սկզբունքի վրա՝ պետք է կարողանաս ինքդ քեզ պաշտպանել»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումը փորձագետներն առաջնային խնդիր են համարում՝ մատնանշելով անվտանգային մարտահրավերները, որ ծառացած են երկրի առջև։ Ոմանք համոզված են, որ ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական գործարքը, որը նախօրեին Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կնքեցին, Հայաստանի զինված ուժերի վերականգնմանն ուղղված հերթական միջոցառումներից մեկն է։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան. «Այս պահին ՀՀ-ն ունի զենքի և զինամթերքի պակաս, որը լրացվում է։ Ընդ որում՝ եթե մենք նույնիսկ ուզենայինք Ռուսաստանից այդ պակասը լրացնել, չէինք կարողանա, որովհետեև ուկրաինական պատերազմում Ռուսաստանն ինքը այս պահն խնդիրներ ունի և ներկրում է։ Այսինքն, էս առումով մենք մեր կամքից անկախ օբյեկտիվորեն գնում ենք դեպի Արևմուտք»։ 

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյան. «Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները գնում են դիվերսիֆիկացման ճանապարհով, բայց եթե նույնիսկ մենք միայն ֆրանսիական զենքը ունենանք, դա էապես մեր դիմադրողականությունը՝ բանակի դիմադրողականությունը բարձրացնելու է հատկապես, երբ խոսքը գնում է այն զինատեսակների մասին, որոնք ֆրանսիայն հիմա պատրաստ է արդեն մեզ մատակարարել»։

Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր միկրոբլոկում ներկայացնելով հայ-ֆրանսիական համագործակցության 3 առանցքային կետերը, գրել է.

«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը. սիրելի Սուրեն, ուրախ եմ մեր պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերի շուրջ առաջընթացի համար»:

Աջակցություն հայկական բանակին՝ նրա վերափոխման գործում, ուսուցում և ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում։ Այս երեք առանցքային կետերն ու ենթակետերն է ներկայացրել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Համագործակցությունը կներառի նաև Ֆրանսիայում հայ զինծառայողների ռազմական կրթության և վերապատրաստումների հնարավորությունները՝ համատեղ ասուլիսում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․ 

«Այսօր մեր համագործակցությունն ընդգրկում է ՀՀ ԶՈՒ-երի պաշտպանական միջոցների արդիականացման, անձնակազմի կրթության և պատրաստության, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության և մի շարք այլ ուղղություններ, որոնք առաջնահերթություններ են մեր զինված ուժերի համար»։



Հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանության նախարարները, ստորագրվել է պայմանագիր, որով Հայաստանը GM200 ռադիոտեղորոշիչ երեք կայան է գնում ֆրանսիայից։ Այս ռադարները կարող են 250 կմ շառավղով որսալ ինչպես ցածր բարձրությամբ, փոքր արագությամբ թռչող ԱԹՍ-ներ, այնպես էլ մարտական ինքնաթիռներ։ Հայաստանը նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրել՝ հրթիռների եվրոպական խոշոր արտադրողներից մեկի հետ։ Ըստ այդ փաստաթղթի՝ ապագայում Հայաստանը «Միստրալ» զենիթահրթիռային համալիրներ էլ է ձեռք բերելու։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի խոսքով՝ այս պահին արևմտյան զենք-զինամթերքը զենքի համաշխարհային շուկայում ավելի որակյալ են համարվում։ Այս առումով ևս գործարքը դրական է երկարաժամկետության տեսանկյունից, բայց  քաղաքական բաղադրիչի առումով, ըստ փորձագետի, այստեղ խնդիրներ կան․

 «ՀՀ բանակն, ըստ էության, սկսում է արևմտյան զենքի օգտագործող դառնալ։ Այս անցումը մենք պետք է վաղուց անեինք։ Քաղաքական, տնտեսական, տեխնիկական պատճառներով սա չէր արվում նախկինում։ Հիմա արվում է և սա անկասկած լավ է։ Բայց երևույթն ունի նաև բացասական կողմ՝ բնականաբար ռուսական կողմի խանդն ու զայրույթն է առաջացնում։ Երկրորդը՝ վատ թե լավ, ռուսական կողմի հետ մատակարարման որոշակի լոգիստիկ սխեմաներ գոյություն ունեին, իսկ հիմա պետք է այդ սխեմաները, ըստ էության, զրոյից սկսվի։ Երրորդ հարցն էլ այն է, թե արդյո՞ք Արևմուտքը առիթի դեպքում կկարողանա մեզ բավարար քանակի զենք-զինամթերք մատակարարել և որ ամենակարևորն է՝ ֆիզիկական հնարավորություն ունի՞ դրանք հասցնել ՀՀ»։

Պաշտպանության նախարարները մամուլի ասուլիսում հայ-ֆրանսիական գործարքի արժեքը չգաղտնազերծեցին։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը միայն նշեց, որ ձեռքբերվող սպառազինությունը պաշտպանական է և ոչ թե հարձակողական․

 «Դա սպառազինության համակարգ է, որն իր բնույթով կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ ագրեսիա է տեղի ունենում Հայաստանի տարածքի նկատմամբ՝ քաղաքացիական բնակչության դեմ»։ 

Դուք պետք է կարողանաք ձեզ պաշտպանել և պաշտպանել ձեր բնակչությանը՝ այս պարզ սկզբունքի վրա են հիմնվում Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունները, — ասում է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեքորնյուն։

Փորձագետները սպառազինություն ձեռք բերելու ցանկացած գործարք նպաստավոր են համարում, բայց, կարծում են՝ ժամանակի առումով տեղափոխման խնդիր կա։ 

 «Եթե ՀՀ-ն կարողանա այդ լոգիստիկ կապերով Արևմտյան զենքի օգտագործման հիմնական սպառող հանդիսանալ, դա միանշանակ մեզ համար դրական է, բայց դա պետք է կարողանալ անել։ Սա է խնդիրը»։

Ժամանակը սեղմ է, հնարավորությունը՝ շատ սահմանափակ, այդուհանդերձ, ըստ ռազմական փորձագետի, անխուսափելիության մեջ ենք ու պետք է գնանք հենց այդ ճանապարհով ու արագ այն իրականացնենք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն