Քանի դեռ աշխատանք չունենք, միայն օգնություններով ոտքի չենք կանգնի․ արցախցիների տեղահանումից 1 ամիս է անցել
Արցախի բնակչության բռնի տեղահանումից փաստացի անցել է մեկ ամիս։ Այս ընթացքում Հայաստանում հաշվառվել է շուրջ 101800 արցախցի․ նրանց առաջնային կարիքները հոգալու համար Հայաստանի կառավարությունն արդեն ավելի քան 53 միլիարդ դրամ է հատկացրել։ Գործադիրն առաջրիակում մտադիր է ևս մեկ աջակցության ծրագիր գործարկել բռնի տեղահանված հայրենակիցներին օգնելու համար։ «Ռադիոլուրի» զրուցակիցները շեշտում են՝ աջակցությունն այս փուլում կարևոր է, բայց գլխավորը աշխատանք ու սեփական տանիք ունենալու հարցն է։
Հայաստանի կառավարությունն արդեն հայտարարված ծրագրերով նախատեսում է 53 միլիարդ դրամ ուղղել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին սոցիալական կարիքների բավարարմանը։ 100 հազար դրամ միանվագ աջակցություն, 6 ամիս շարունակ 40+10 հազար դրամ՝ բնակարանների վարձակալության և կոմունալ վճարների համար․ սրանք հաստատված և արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրեր են։ Կառավարությունը մտադիր է աջակցության ևս մեկ փաթեթ ներդնել նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ տեղահանվածներին առաջնահերթ սպառողական ծախսերի համար 50-հազարական դրամ հատկացնելով։ «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասնել էր․
«Հիմնականում նորից շահառուներ կհանդիսանան նրանք, ովքեր ստացել են նախորդ 100 հազարական դրամների աջակցությունը: Այս դեպքում շահառու կհանդիսանան նաև նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն, սակայն մեկ այլ չափանիշ կգործի: Բացառություն կկազմեն մեր այն հայրենակիցները, որոնց բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ»։
Արցախից բռնի տեղահանված ու հաշվառված շուրջ 102 հազար քաղաքացիներից շուրջ 95 հազարն արդեն ստացել են պետության առաջնային օգնությունը՝ 100–հազարական դրամները։ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից տեղահանված Սուսաննա Ադամյանը միանվագ օգնությունն արդեն ստացել է։ Ասում է՝ ամեն ինչ կորցրած մարդու համար այս աջակցությունը կարևոր է, բայց խնդիրները բազմաթիվ են։
«Մեր տանը նայելով, մի փոքր պայուսակ ձեռքիս դուրս եմ եկել գյուղից առանց ոչ մի բան ինձ հետ վերցնելու։ Ուղղակի փախել ենք մեր հագի հագուստով։ Մի քանի ժամ հետո ամուսինս մի կես ժամով գյուղ էին մտել, ասեցին, որ արդեն Ամարաս գյուղի կողմից ադրջեջանցիները մեր գյուղ են մտել, ոչխարներին են հանում, արդեն հնարավոր չէր հետ գնալ գյուղ ու ինչ–որ մի բան վերցնել»,– ասում է արցախցի կինը։
Սուսաննան ևս 160 արցախցիների հետ պետության տրամադրած ժամանակավոր կացարանում է ապրում, այստեղ գրեթե բոլորը մեկ ամիս շարունակ վարձով բնակարան են փնտրում, բայց՝ անօգուտ։ Ստեփանակերտցի Լյուդմիլա Ալեքսանյանն ասում է՝ քանի դեռ աշխատանք չունեն, միայն ստացած օգնություններով կյանքը դասավորել չեն կարող։
«Անորոշ վիճակ է, չգիտենք ինչ անենք, չգիտենք այստեղ ենք մնալու, ուր ենք գնալու, ինչ ենք անելու։ Քանի դեռ աշխատանք չունենք նույնիսկ տան մասին չենք կարողանում մտածել․ առանց աշխատանքի վարձով ապրել էլ չենք կարող։
Վարձերն էլ շատ թանկ են․ օրինակ 300 հազար դրամ ինչպես տանք․․․ մենք 4 հոգի ենք, պետությունը մեզ 200 հազար օգնություն տալիս է կոմունալ ծախսերն էլ ներառյալ, բայց ես դեռ պիտի ավելացնեմ էլ, որ կարողանամ վարձը տալ՝ չհաշված ուտելը ու մնացած ծախսերը․․․ ամեն ինչ պրոբլեմ է մենք էլ առանց աշխատանք ենք․․․»,– ասում է Լյուդմիլա Ալեքսանյանը։
Ինգա Իսրայելյանի ընտանիքում ինքն է, դպրոցահասակ աղջիկն ու առողջական խնդիրներ ունեցող հայրն ու եղբայրը, ասում է՝ խնդիրներն այնքան շատ են, որ նույնիսկ վաղվա օրվա մասին մտածել չի կարողանում։
«Նախկինում ես գիտեի թե վաղն ինչ եմ անելու, իսկ հիմա դա չկա․․․ Արցախում նորմալ ապրում էինք, ոչ հարուստ էինք, ոչ էլ աղքատ, բայց գոնե գիտեինք, որ մեր սեփական տունն ունենք։ Այնտեղ վստահ էի, որ կարող եմ իմ երեխայի ապագան ապահովել, բայց հիմա առաջնայինը միայն տունն է։ Ամեն ինչ այնքան արագ եղավ․ ես մինչև վերջին պահը չէի պատկերացնում, որ մենք վերջնականապես թողնում ու հեռանում ենք Ստեփանակերտից»։
Ինգայի դուստրը՝ Մանեն, արդեն 1-2 շաբաթ է դպրոց է գնում, վերականգնել է ուսումը, բայց մայրը անհանգիստ է՝ առայժմ չի կարողանում դստեր՝ Ստեփանակերտում ունեցած ակտիվ կյանքը՝ խմբակները ու արտադպրոցական կրթությունը ապահովել։ Հայաստանի կառավարության «Հումանիտար կենտրոնի» տվյալներով Արցախից բռնի տեղահանվել է մինչև 19 տարեկան ավելի քան 30 հազար քաղաքացի։ 15 հազար երեխա այս պահին Հայաստանի տարբեր մարզերում դպրոց է հաճախում։