Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում երկար տարիներ կողպված տներում դարձյալ ելումուտ է, լույսը՝ վառ: Այս տներին նոր շունչ հաղորդողն արցախցիներն են: Արտերկրում ապրող սեփականատերերի համաձայնությամբ են հյուրընկալվել այս տներում: Լուկաշինում հիմա ապրում է բռնի տեղահանված շուրջ 130 արցախցի: Նրանք դեռ շարունակում են հաստատվել գյուղում:

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի հանրակացարանի բնակարաններից մեկի դատարկ պատուհանին զինվորական համազգեստով երիտասարդ տղայի լուսանկարն է՝ կողքին թարմ ծաղիկներ: Նա Արցախից բռնի տեղահանված Ալյոշա ու Գալինա Մելքումյանների որդին է, իսկ հանրակացարանի այս սենյակը՝ նրանց նոր հասցեն: «Ներոնն է»,- հուզմունքը կոկորդում խեղդելով՝ ասում է հայրը: Մահացել է գաղթի ճանապարհին, Ստեփանակերտ-Ասկերան ավտոմայրուղու հարակից տարածքի բենզինի պահեստների պայթյունից: Ճանապարհի խցանումների մեջ ծնողները տղայից լուր չեն ունեցել, մինչև հասել են Գորիս ու գտել տղայի մարմինը։



«Ամուսնացած էր, 12 տարվա ամուսնացած էր, բայց երեխա չուներ: Ստեփանակերտում էր պայթյունը»: «Գնացել էր օգնության, ինքը միշտ հասնող ու օգնող է եղել»: «Առաջին պայթյունի ժամանակ մտել էր, որ մարդ հաներ՝ երկրորդն էր պայթել, հետո երրորդը: Ինքը այրվածքներ էր ստացել, բայց կենդանի էր: Որդիս մի երեք ամիս առաջ պոստում ինֆարկտ էր տարել, դե, երևի բժիշկները չեն իմացել… Մենք էլ չէինք իմանում, թե որտեղ է: Եկել ենք այստեղ ու Գորիսում ենք գտել, բերել ենք Երևան, Եռաբլուր»:

Երեք զինվորական եղբայրներից Ներոնը 37 տարեկան էր։ Մայրն ասում է, որ որդու  մարմնի 70 տոկոսն այրվել էր։ Սրբելով արցունքները՝ վերհիշում է կատարվածն ու տղայի վերջին խոսքերը, որոնք հույս են ներշնչել.

 «Տեսել եմ, որ երեխայիս դրեցին ուղղաթիռի մեջ: Մարմնի կեսն այրված էր, 70 տոկոսը վնասված էր, բայց դեմքը լավ էր: Ես չեմ հավատում, նա այնքան ուժեղ էր, որ ասում էր՝ մամ, ես ոչ մի դեպքում չեմ գնա այն աշխարհ»:



Գալինա Մելքումյանն ազգությամբ ռուս է, բայց այնքան պարզ է խոսում  արցախցու բարբառով, որ դժվար է կռահել այլազգի լինելը, եթե չլիներ նրա սլավոնական արտաքինը: Ալյոշան կնոջ հետ ծանոթացել է Ռուսաստանում, ամուսնացել են, եկել Մարտունու շրջանի հայրենի  Սարգիսաշեն գյուղ, ու Գալինան դարձել է արցախցի: Հիմա Մելքումյանները երկու որդիների հետ հաստատվել են Լուկաշին գյուղում: Հանրակացարանի երկու սենյականոց բնակարանի տերերը Ռուսաստանում են: Գրեթե 20 տարի չբնակեցված սենյակները մի փոքր կարգի են բերել ու տեղավորվել: Հանրակացարանի շենքը 1988-1991թթ.-ին էլ էր ապաստան դարձել Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ու հետագայում դարձել  նրանց սեփականությունը: Այս անգամ Լուկաշին գյուղն ընդունել է Արցախից բռնագաղթած շուրջ 37 ընտանիքի կամ 130 քաղաքացու՝  ասում է վարչական ղեկավար Գևորգ Զեյնալյանը:



 «4 ընտանիք հանրակացարանի շենքում է ապրում, մնացածը՝ սեփական առանձնատներում, երկհարկանի շենքերում: Տների գրեթե 80 տոկոսն ապահովված են գույքով. լույս, գազ, ջեռուցում՝ ամեն ինչ կա: Մի քանի օր առաջ մի արցախցի ընտանիք էլ է ցանկություն հայտնել գալ մեզ մոտ, նոր ծնված երեխա ունեն: Մի սեփական տուն էլ իրենց ենք հատկացրել, այսօր պետք է գային, մնային: Այնտեղ ամեն ինչ կա: Սեփական տները փակ դռներ են եղել, զանգել, պայմանավորվել ենք: Տերերը Ռուսաստանում են»:

Մելքումյանների նոր բնակարանում 20 տարի ոչ ոք չի ապրել, կոմունալ հարմարություններ չեն եղել ՝ նշում է Գևորգ Զեյնալյանը: Այժմ գույքով օգնում են համայնքն ու բարերարները: Վարչական ղեկավարը հուսադրում է արցախցիներին՝ ամեն ինչ աստիճանաբար կկարգավորեն։

 «Սեղանը Սլավիկն է տվել, աթոռներ չկան»:  «Ես փոքր սեղան կբերեմ, պահարան կտամ, կամաց-կամաց կբերենք: Շենքում ջուր կար, բայց բնակարանում չի եղել, զանգել եմ, եկել միացրել են, լույսը միացնել եմ տվել, գազն էլ ընթացքի մեջ է»:



Ընտանիքը հոգատար մարդկանցով է շրջապատվել: Սննդի հարցում օգնում է համայնքապետարանը: Ալյոշա Մելքումյանը վատառողջ է, 2-րդ խմբի հաշմանդամություն ունի: Սուսաննա Մատինյան.

««Երևանի կանանց աջակցման կենտրոնի» աջակցությամբ Արմավիրի մարզում «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպությունը շուրջ 100 ընտանիքների տրմադրել է հիգիենայի պարագաներ, սննդային փաթեթներ, ծալովի մահճակալներ, լվացքի մեքենաներ»:

Մելքումյանների ընտանիքը Մարտունու շրջանի Սարգիսաշեն գյուղից է, որը 2020 թ.-ին անցել է թշնամուն: Ալյոշան ասում է, որ կրկնակի են տեղահանվել. երկու անգամ տուն ու տեղ են դրել, երկու անգամն էլ թողել թուրքին: 2020-ի պատերազմից հետո, ապավինելով խաղաղապահներին, նորից վերադարձել են Արցախ:



«Եկել էինք Երևան, աղջկաս տուն, հետո վերադարձել Ստեփանակերտ, ասել են՝ ամեն ինչ լավ է լինելու: Այնտեղ էլ մի տնամերձ հողամաս էինք վերցրել, որ տուն սարքեինք, թողել, եկել ենք: Հողամասը գնել էինք 3 մլն դրամով, 30 հազար դրամ էլ ծախսել էինք փաստաթղթային ձևակերպման վրա: Փաստաթղթերն ունենք»:

Ընտանիքն առայժմ կապրի Լուկաշինում, մինչև որդիները նորից կստեղծեն իրենց սեփական տունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն