«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարության` մեկ տարի առաջ շրջանառության մեջ դրված աղմկահարույց նախագիծը, որն առկախվեց բարձրացած աղմուկի պատճառով, կրկին խորհրդարանում է, բայց ոչ թե ՊՆ-ի, այլ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հանրությանն առավել հայտնի Շիշ բռնողի հեղինակությամբ։ Նախօրեին այն շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում։ 

Խոսքն այն նախագծի մասին է, որով օրվա իշխանությունն առաջարկում էր վճարել մոտ 60 հազար դոլար եւ ազատվել զինվորական ծառայությունից։ Կատարվել է «դարձ ի շրջանս յուր»․ Հայկ Սարգսյանը պատերազմից առաջ՝ 2019-ին էր այս գաղափարը փորձում կյանքի կոչել, միայն թե նրա առաջարկով՝ քաղաքացին կարող էր պետական բյուջե վճարել 10 մլն դրամ եւ բանակում ծառայել ընդամենը 1 ամիս ու ստանալ զինգրքույկ, սակայն պատերազմից հետո ՊՆ-ն այս նախագիծը ռեբրենդինգ արեց եւ դրեց հանրային քննարկման: Դրանով 4.5 ամսվա ծառայություն եւ 24 միլիոն էր սահմանվել։ Փոփոխության հիմնավորումն այն էր, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի 5 տարի ամսական վճարել 400 հազար դրամ։ Սա, ըստ ՊՆ-ի, արհեստավարժ զինվորական ծառայություն ներդնելու կարեւորագույն բաղադրիչը կդառնար: Բացի այդ՝ մեր հայրենակիցներից ոմանք կվերադառնային հայրենիք։

Համաձայն գործող օրենսդրության, մասնավորապես՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի, 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները ենթակա են պարտադիր զինծառայության ՀՀ զինված ուժերում: Պարտադիր զինծառայությունից խուսափելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ՝ ազատազրկման ձեւով: Եթե քաղաքացին խուսափում է զորակոչից, նրա նկատմամբ հարուցվում են քրեական հետապնդում եւ օրենքով սահմանված մյուս գործընթացները: Եթե միչեւ 27 տարին լրանալը քաղաքացին կամավոր ներկայանում եւ անցնում է պարտադիր զինծառայություն, ապա քրեական հետապնդումը դադարում է:

Օրենքով սահմանված՝ 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինծառայության սահմանային տարիքը: Այսպիսով, 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ ազատազրկում:

Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով նախատեսվում է՝ 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվել քրեական պատասխանատվությունից: Մասնավորապես՝ «27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

2) զինծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել 2 միլիոն 500 հազար ՀՀ դրամ

3) զինծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետբյուջե վճարել 5 միլիոն ՀՀ դրամ

4) զինծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետբյուջե վճարել 10 միլիոն ՀՀ դրամ

5) զինծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել 15 միլիոն ՀՀ դրամ»:

Բացի այդ, փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները՝ մինչեւ 37 տարեկան: Ընդ որում, նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնել զինված ուժերում կամ պետական բյուջե վճարել 2 միլիոն 500 հազար դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից:

Փոփոխությունից ակնկալվող արդյունքները, ըստ հեղինակների, շատ են. «Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջե, կխնայվեն 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական եւ նյութական միջոցները, բազմաթիվ երիտասարդներ, շատերը՝ ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաեւ կստեղծվեն նոր աշխատատեղեր եւ այլն»։

Ուշագրավ է, որ եթե ընդամենը 1 տարի առաջ նման փոփոխությունը ներկայացվում էր իբրեւ արհեստավարժ զինծառայություն ներդնելու բաղադրիչ, ապա այս նախագծում այդ մասին ոչ մի խոսք։ Հավանաբար հասկացել են, որ չեն կարող քաղաքացիներին խաբել` իշխանությունը ոչ մի ցանկություն չունի արհեստավարժ բանակ կամ առհասարակ բանակ ունենալու, խնդիրը փող հավաքելն է։

Թեեւ Հայաստանում փողի դեֆիցիտ էլ չկա. դիցուք` մի քանի օր առաջ ՔՊ-ն 200 մլն դոլար ծախսեց Տիգրան Ավինյանի ինաուգուրացիայի համար, որ արքայական միջոցառումով նշեն իրենց անփառունակ հաղթանակը` Երեւանի բնակչության 9 տոկոսից ստացած քվեն: Միլիարդներ են ծախսվում Նիկոլ Փաշինյանի անվտանգության վրա, կառավարական ամառանոցների նորոգման եւ սպասարկման: Ինչ-որ աստղի են փորձում բերել Հայաստան եւ բյուջեից 2 միլիոն դոլար հոնորար են վճարում նրան, բայց համերգն էլ չի կայանում: Ո՞ր մեկը թվարկենք։ 

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ոչ միայն փող աշխատելու, այլեւ փողը ծախսելու բոլոր մեխանիզմները յուրացրին այս տարիներին, հիմա էլ որոշել են բանակը լուծարել եւ զինգրքույկներ «վաճառել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն