Նոյեմբերի 11-ին Էր Ռիադում տեղի կունենա Արաբական լիգայի խորհրդի արտակարգ գագաթնաժողովը
Նոյեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի ամենաբարձր մակարդակով արտահերթ նիստ։ Այս մասին հայտարարել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին։
«Գլխավոր քարտուղարությունը պաշտոնական խնդրանք է ստացել Պաղեստինից և Սաուդյան Արաբիայի Թագավորությունից՝ նոյեմբերի 11-ին Էր Ռիադում Արաբական լիգայի խորհրդի ամենաբարձր մակարդակով արտահերթ նիստ անցկացնելու համար՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ»,- ասված է օգնականի հայտարարության մեջ:
Ինչպես ընդգծել է Զաքին, արաբական երկրների ղեկավարները մտադիր են «քննարկել հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիան»։
Զաքին Sky News Arabia-ին տված մեկնաբանությունում պարզաբանել է, որ հանդիպման մասնակիցներին ուղարկվել են հուշագրի՝ սաուդյան և պաղեստինյան տարբերակները։ Գլխավոր քարտուղարի օգնականի խոսքով՝ պաղեստինցիների պահանջների և Սաուդյան Արաբիայի դիրքորոշման միջև առկա են հակասություններ։
«Առաջարկվում է, որ առաջնորդները քննարկեն ընդհանուր իրավիճակը մինչև հանդիպման օրը», – ասել է նա՝ ընդգծելով, որ «Արաբական լիգայի խորհրդի գագաթնաժողովի հիմնական նպատակն է թույլ չտալ, որ պատերազմն ավելի շատ վնաս պատճառի Պաղեստինի քաղաքացիներին»։