Բուխարեստում ՀՀ և Ռումինիայի ԱԳՆ քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցեր
Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան: Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Անդրադարձ կատարելով հայ-ռումինական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և փոխադարձ աջակցության հնարավորությունները։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ռումինական կողմին է ներկայացրել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին՝ փախստականների կարիքների համար տրամադրված հումանիտար օգնության համար:
Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականի համատեքստում։
Ռումինիա կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Ռումինիայի ԱԳՆ գլոբալ խնդիրների և դիվանագիտական ռազմավարության հարցերով պետքարտուղար Տրայան Հրիսթեայի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոզալիա-Իբոլյա Բիրոյի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլատեանի հետ։