Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ ՔԿ-ի կողմից իրականացվող ուսումնասիրությունները բացառապես վերաբերում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման համատեքստում հարուցված քրեական գործին, քանի որ ՔԿ-ն Արցախում քննություն իրականացնելու իրավասություն չունի։

«Կան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումը, որի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ։ Ընդ որում, այդ էթնիկ զտումը տեղի ունեցավ՝ ինչպես ռազմական գործողությունների ժամանակ՝ խոսքը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, այնպես էլ՝ դրանից հետո։ Բոլորս ականատես եղանք, որ կարճ ժամանակահատվածում մեր ազգաբնակչության 100 հազար ներկայացուցիչներ լքեցին իրենց բնօրրանը՝ մահվան սպառնալիքի տակ»,- ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արգիշտի Քյարամյանը։

Հարցին՝ խոսվում է, որ Ադրբեջանի կողմից ապօրինի գերեվարվել է 16 մարդ, սակայն Ադրբեջանը հաստատել է 9-ի մասին, մնացածի վերաբերյալ տեղեկություններ ունե՞ն, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց.

«Կան ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերեվարված են, և հաստատված է նրանց գերությունը։ Մենք ինտենսիվ զբաղվում ենք բարձրաստիճան պաշտոնյաների և մնացած գերեվարված մարդկանցով»,- շեշտեց նա։

Թե ինչո՞ւ է այդքան ուժեղացված անվտանգության ծառայության ուղեցությամբ շրջում, իրեն ո՞վ է սպառնում՝ հարցին էլ, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, թե նախկինում չի հետևել, թե ՔԿ նախագահներն ինչպես են շրջում, անվտանգության հարցն ինքը չի որոշում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն