Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրում է շուտով այց կատարել Թուրքիա։ Այս մասին Անկարայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում։

«Մոտ ժամանակներս մենք կանցկացնենք Համագործակցության բարձրագույն հանձնաժողովի նիստ, որպեսզի ավելի շատ կենտրոնանանք սահմանների անվտանգության վրա», – նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Աբդոլլահիանը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ այդ այցը։

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտնել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսով քննարկել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հակամարտությունը թուլացնելու համար:

Իրանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիա է ժամանել Կատարից, որտեղ բանակցություններ է վարել, այդ թվում՝ պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Աբդոլլահիանը և Ֆիդանը քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում վերջին իրադարձությունները և հրադադարի ռեժիմի հասնելու ուղիները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցեր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն