ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը 2023-ի 9 ամիսներին 2022-ի համեմատ աճել է 39,6 տոկոսով
Հայաստանի և ԵՄ-ի առևտրաշրջանառությունը 2023-ի 9 ամիսներին կազմել է 2 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40 տոկոսով, ըստ նախնական տվյալների՝ 39,6 տոկոսով: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Եթե վերցնենք ԵՄ-ն՝ որպես մեկ միասնական շուկա, մեր երկրորդ ամենախոշոր գործընկերն է ՌԴ-ից հետո:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ էապես աճել է առևտրաշրջանառությունը ԵՄ գլխավոր տնտեսական երկրների հետ, օրինակ՝ Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունն աճել է 53 տոկոսով, Գերմանիայի հետ՝ մոտ 40 տոկոսով, Նիդերլանդների հետ՝ 44 տոկոսով և այլն»,- ասաց նախարարը:
Քերոբյանը նաև ընդգծեց, որ ՀՀ-ն խորացնում է հարաբերությունները Չինաստանի, Ծոցի երկրների և ԱՄՆ-ի հետ, նպատակը արտաքին առևտրային հարաբերություններն ավելի բազմազան ու դիվերսիֆիկացված դարձնելն է:
«Սա, ի դեպ, պետք է նշեմ՝ չի վնասում մեր ԵԱՏՄ գործընկերների հետ առևտրաշրջանառությանը: Ընդհանուր մեր առևտրաշրջանառությունն առաջին 9 ամիսների ընթացքում աճել է մոտ 44 տոկոսով, Ռուսաստանի հետ՝ մոտ 50 տոկոսով:
Իմաստն իմ ասածի այն է, որ մենք զարգացնում ենք մեր տնտեսական հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասաց նա: