ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն այցելել է Հորդանանի մայրաքաղաք և այսօր հանդիպել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի և Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ։ Բանակցություններից հետո նրանք համատեղ ասուլիս են հրավիրել։

Բլինկենն ասել է, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո վերադարձ չի կարող լինել հոկտեմբերի 7-ից առաջ ստեղծված իրավիճակին։

Պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Իսրայելի հետ միասին պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարին, սակայն «բոլորը հասկանում են, որ վերադարձ չի կարող լինել ստատուս քվոյին»։

Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ճանաչում է ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն «պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները խաղաղ բնակչության շրջանում զոհերը կանխելու համար»։

Բլինկենը նաև կոչ է արել խուսափել հակառակորդ կողմերին՝ թշնամուն դեմոնիզացնելու փորձերից։ «Եթե մենք դա չանենք, ուրեմն օգնում ենք ՀԱՄԱՍ-ին », — ասել է Բլինկենը:

Նա հայտնել է, որ Իսրայելի ղեկավարության հետ քննարկել է խաղաղ բնակիչներին օգնելու համար ռազմական գործողություններում «մարդասիրական դադարների» հնարավորությունը։ Սակայն Բլինկենը կրկին դեմ է արտահայտվել Եգիպտոսի և Հորդանանի կողմից կրակի ամբողջական դադարեցման կոչերին:

«Այժմ հրադադարը պարզապես ժամանակ կտա ՀԱՄԱՍ-ին վերախմբավորվելու և կրկնելու այն, ինչ արեցին հոկտեմբերի 7-ին: Ընդամենը մի քանի օր առաջ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ իրենք մտադիր են նորից կրկնել հոկտեմբերի 7-ի իրադարձությունները։ Ոչ մի երկիր չի կարող համաձայնվել սրա հետ»,-ասել է Բլինկենը։

Իր հերթին, Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին ասուլիսում ասել է, որ «ամբողջ տարածաշրջանը խեղդվում է ատելության ծովում, և դա որոշիչ կլինի ապագա շատ սերունդների համար»։

«Տարածաշրջանում մենք արդեն սկսում ենք տեսնել ատելության վրա հիմնված տարբեր դրսեւորումներ ու գործողություններ, և, անկեղծ ասած, նողկալի գործողություններ և իսլամաֆոբիայի ու հակասեմիտիզմի դրսևորումներ։ Մենք բոլորս միանշանակ դեմ ենք սրան՝ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ մարդկային արժեքներին համապատասխան»,- ասել է նախարարը։

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին հայտնել է, որ Բլինկենի հետ բանակցությունների ժամանակ դեմ է արտահայտվել «երկակի ստանդարտների կիրառմանը»:

Շուկրիի խոսքով՝ խաղաղ բնակչության վրա հարձակումները և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները պետք է դատապարտվեն «եթե դրանք կապված են պաղեստինյան խնդրի հետ»։ Նա նաև կոչ է արել «անհապաղ և համապարփակ» հրադադար հաստատել Գազայում «առանց որևէ նախապայմանի»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն