ՄԱԿ-ի մարդասիրական խոշորագույն գործակալությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ մարդասիրական նպատակներով հրադադար հաստատել Գազայի հատվածում։

«Մոտ մեկ ամիս աշխարհը հետևում է Իսրայելում և օկուպացված Պաղեստինի տարածքում զարգացող իրավիճակին՝ ցնցված և սարսափած զոհերի աճող թվից»,- ասվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ը հիշեցնում է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1400 իսրայելցի, հազարավոր վիրավորներ կան և ավելի քան 200 պատանդ է վերցվել: Նաև նշվում է, որ Գազայի հատվածում, ըստ պաղեստինյան իշխանությունների, զոհվել է մոտ 9,5 հազար մարդ։

«Հրթիռները շարունակում են վնասներ հասցնել ընտանիքներին: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Սարսափելի է։ Սարսափելի է նաև Գազայում ավելի մեծ թվով խաղաղ բնակիչների սպանությունը և այն փաստը, որ 2,2 միլիոն պաղեստինցիներ զրկված են սննդից, ջրից, դեղորայքից, էլեկտրականությունից և վառելիքից»:

Հայտարարությունը ստորագրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար (OHCHR) Ֆոլքեր Թյուրքը, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տնօրեն Էմի Փոփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և այլք։

«Մենք կրկնում ենք մեր կոչը կողմերին՝ կատարել միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարտավորությունները: Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակել պատանդ պահվող բոլոր քաղաքացիական անձանց։ […] Մեզ անհապաղ մարդասիրական զինադադար է անհրաժեշտ։ Արդեն անցել է 30 օր։ Բավական է, սա պետք է անհապաղ դադարեցվի»,- ասված է հայտարարության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն