Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով հանձնարարականներին, նշեց` շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել` առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը: Սա արվում է այնտեղ մարզվողների անվտանգությունն ապահովելու համար:
«Այս հարցը քննարկվել է, տեղն էլ հստակ ֆիքսված է, պետք է իրականացնենք, նաև որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված շլագբաումներից դնենք, անընդհատ վարչարարությունն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի այդ օրերին ճանապարհը փակել»,- ասաց նա:
Ավինյանի խոսքով` դա շատ ավելի շատ էներգիա է տանելու պարեկային ծառայությունից` ֆիզիկապես էնտեղ լինելու առումով, իսկ շաբաթ-կիրակի օրերին եթե կարողանան արգելափակոցով երթևեկությունը սահմանափակել, խնդիրը կկարգավորվի:
«Պարեկային ծառայության ռեսուրսներն անսահմանափակ չեն»,- ասաց նա` հանձնարարելով լուծում տալ այս խնդրին: