Տորք Անգեղի այգու մեջ դատարանը պարտադրում է` տանք շինթույլտվություն, ինչ-որ մեկը պիտի բացատրի` էդ ոնց է լինում. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մի շարք կարևոր խնդիրների ուղղությամբ համակարգված աշխատանքում առկա խնդիրներին, մասնավորապես` դատարանների կողմից կայացվող որոշումների առումով:
«Բավական լուրջ խնդիրներ է առաջացնում, երբ մի հարց փորձում ես լուծել, որը վստահաբար բխում է հանրային շահից, և հանդիպում ես իրավական խոչընդոտների: Երևանի քաղաքապետարանը, տեսչական մարմինը` բոլորս նույն տրամաբանության մեջ ենք, բայց մարդիկ ունենում են հնարավորություն` իրենց բենզալցակայանի աշխատանքը շարունակելու` բնակելի շենքին կպած, դատարանի որոշմամբ»,- ասաց նա:
Ավինյանի գնահատմամբ` սա անտրամաբանական է և անընդունելի, չի կարող նման բան լինել, երբ Երևանի քաղաքապետարանն ունի կոնկրետ ուղղություն, կոնկրետ ծրագրեր, որոնք վստահաբար հանրային շահից են բխում, տեսչական մարմինն իրենց աջակցում է, սակայն մարդիկ հնարավորություն են ունենում կասեցնել իրենց գործողությունները:
«Կարծում եմ` քննարկումներ պետք է իրականացնենք և՛ այս հարցով, և՛ պետք է քննարկել դատարանների կողմից պարտադրվող ճարտարապետահատակագծային նախագծերը, որոնք, օրինակ, այգու տարածքում են: Ես, անկեղծորեն, չեմ պատկերացնում` ո՛նց է դատավորը այդ որոշումը կայացնում. Տորք Անգեղի այգու մեջ դատարանը պարտադրում է, որ մենք տանք շինթույլտվություն, չեմ հասկանում, ինչ-որ մեկը ինձ պիտի բացատրի` էդ ոնց է լինում»,- ասաց նա: