ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը Հայաստանի Հանրապետությունում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատվական բազաները ձևավորելը և վարելն ապահովող ծրագրային համակարգերում:
Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։
եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին:
Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած:
Ընդգծվում է, որ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն:
Հոկտեմբերի 26-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում:
Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Այսինքն, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: