ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ահա եւ ավարտին մոտեցավ 2022 թվականը: Այն դժվար եւ մարտահրավերներով լի տարի էր բոլորիս համար: Աշխարհը պատերազմների եւ չդադարող ցնցումների մեջ է. մեր աչքի առաջ փոխվում են հարյուրամյակներով գործող կանոններ, նոր աշխարհակարգ է ձեւավորվում, եւ մեզ այդ ամենը բնական է՝ չի շրջանցում:



Այո՛, 2022 թվականին մենք ունեցանք բազմաթիվ ձեռքբերումներ տնտեսության, դիվանագիտության, պետականաշինության եւ այլ ոլորտներում, բայց չլուծված են մնում բազմաթիվ կարեւոր հարցեր. դեռ ամբողջությամբ լուծված չէ մեր ռազմագերիների հարցը, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած հակառակորդի ուժային միավորների դուրսբերման հարցը եւ ամենաարդիականը՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցը. նույնիսկ այս պահին մեր 120.000 հայրենակիցները դեռ պատանդի կարգավիճակ ունեն իրենց տներում: Այսինքն՝ դեռեւս լուծված չէ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը: Սա է մեր առաջնային մարտահրավերը: Հենց այս հարցին են միտված եղել անցնող տարվա հիմնական աշխատանքները, եւ այդ ուղղությամբ ենք մենք աշխատելու գալիք 2023 թվականին, քանզի ես հավատում եմ, որ մեր առաքելությունն է մեր երեխաներին ժառանգություն թողնել խաղաղ հայրենիք, եւ մենք միասին դրան հասնելու ենք:

Եվ այսօր՝ 2022 թվականի վերջին օրը, ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ միասին իրականացնելու ենք մեր այս առաքելությունը:

Թո՛ղ 2023 թվականը մեր օջախներին բարեկեցություն բերի, թո՛ղ մեր զինվորները շուտ տուն վերադառնան եւ թո՛ղ մեր տներից սերն ու խինդն անպակաս լինեն: Թո՛ղ գալիք տարին բոլորիս երջանկություն բերի եւ երազանքների իրականացման տարի լինի:

Աստված մեզ օգնական:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն