Վրաստանը երկար տարիներ պետք է մեծ աշխատանք կատարի վերջնական նպատակին հասնելու՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցությունը երկարատև գործընթաց է, որը պահանջում է մեր ժողովրդի համախմբում, իշխանությունների արդյունավետ կառավարում և բարեփոխումների շարունակություն, որոնք մենք իրականացնում ենք վերջին 11 տարվա ընթացքում»,- ասել է Ղարիբաշվիլին՝ արձագանքելով Եվրահանձնաժողովի որոշմանը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ կազմակերպությունն առաջարկել է ԵՄ խորհրդին Վրաստանին շնորհել միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ ԵՀ-ը դրական է գնահատել Վրաստանում իրականացվող բարեփոխումները, սակայն հայտարարել է, որ երկիրը դեռ անելիքներ ունի։ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցի վերաբերյալ վերջնական եզրակացությունը ԵՄ խորհուրդը կհրապարակի դեկտեմբերին։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին էլ ասել է, որ 2024 թվականին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման որակը կլինի Եվրամիության հետ երկրի հետագա մերձեցման գործոններից մեկը։

Դեսպանը հույս է հայտնել, որ ընտրություններում բոլոր թեկնածու կուսակցություններին կտրվեն հավասար հնարավորություններ, և, որ ամենակարևորն է՝ բռնություններ չեն լինի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն